«Այն, ինչ կարող էին անել դրսից՝ ուժով, անում են ներսից՝ բթացնելով»․ Վլադիմիր Մարտիրոսյան
58
Այսօր, 18:30
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենավստահելի սոցիոլոգիական հարցումը չհրապարակվածն է: Միայն չհրապարակվածն է ծառայում թիրախային աշխատանքին, խնդիրների վեր հանմանը և հնարավոր լուծումների մշակմանը: Բոլոր հրապարակված սոց.հարցումները լուծում են այլ քաղաքական խնդիրներ, ինչին ես դեմ չեմ: Դեմ չեմ, որովհետև դա ևս քաղաքական վարժություն է, ազդեցիկ վարժություն ցույց տալու համար որևէ բան: Օրինակ հետևյալը՝ 2021թ․ ընտրություններ – Փաշինյանը ստացել է 690 654 ձայն (53.91%) 2025թ․ հարցումներ - Փաշինյան 217 800 ձայն (17%) Կորուստ – 472 854 ձայն Այս կորուստը տեղի է ունեցել մոտ 1539 օրում, միջինում օրական 300 ընտրող։ Այս օրինակը ազդեցության վարժություն է ռեալություն ստեղծելու միտումով, բայց ոչ ռեալություն, որը միտված է ապագա արդյունքի կանխորոշմանը: Մի՛ շտապեք վերլուծություններ ու եզրակացություններ անել, վիճել կամ օգտագործել սոց. հարցումների տվյալները ի օգուտ կամ ի վնաս, որովհետև քաղաքական ռեալությունը Հայաստանում հետևյալն է: «Էական չէ, թե ում կտան ձայն այս կամ այն կիրակի: Էական է, թե ով է ամենաշատը ազդում որոշման վրա, թե ում տան ձայն»: Ուստի մեկ հարց. Ձեր կարծիքով այսօր Հայաստանում ամենամեծ հնարավորությունն ու պոտենցիալը՝ ազդելու այդ որոշման վրա, ո՞վ ունի և ինչպե՞ս: Մինչ կպատասխանեք այս հարցին, խնդրում եմ տվեք ևս մեկ հարց՝ ո՞վ և ի՞նչ է ձեզ այսօր պետական քաղաքական մեքենայի միջոցով պարտադրում: Առաջին հարցի պատասխանը ամբողջությամբ կախված է երկրորդ հարցի պատասխանից: Հեշտացնելով ձեր գործը մեկ հուշում: Ադրբեջանը տրամադրում է անձնագրեր և նույնականացման քարտեր «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիների անունով Հայաստանի Հանրապետության տարածքի տեղանուններով: Հիմա ինձ ասեք, դա իրեն քաղաքականապես թույլ տվողն է ավելի ազդեցիկ Հայաստանում տեղ գտնող քաղաքական գործընթացների՝ հետևաբար որոշումների վրա՞, թե՞ որևէ այլ մեկը ում կարելի կլիներ տալ ձայն այս կամ որևէ այլ կիրակի: Հասկացեք մեկ բան, դուք ապրում եք օկուպացված երկրում, որտեղ չեք տեսնում և զգում օկուպանտին ֆիզիկապես և ձեզ թվում է, որ եթե չեք տեսնում և զգում դա, ուրեմն օկուպացված չեք: Մինչդեռ այն ինչ, ձեզ հետ կարող էին անել դրսից ուժով և պարտադրանքով, անում են ներսից՝ անզգայացնելով, չափավոր դանդաղ, բթացնելով, ներքին մաղձով և դեգրադացնելով: Այս պարագայում ամենազավեշտալին ներքին ռեյտինգների մրցակցությունում այն է, որ բոլորը, այդ թվում և որոշողի գործակատար Փաշինյանը, պարտվում է մեկ հոգու՝ Հայաստանի համար առաջին քաղաքական գործիչ Ալիևին: Ինչո՞ւ առաջին, որովհետև առնվազն գիտականորեն և հատկապես քաղաքական գիտություն կոչվող դիսցիպլինի միջոցով ապացուցելի է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին, հանրային և տնտեսական, անվտանգային, պատմամշակութային քաղաքականությունների և նույնիսկ կենցաղային որոշումների վրա ամենամեծ և վճռորոշ ազդեցությունը միջնորդավորված և չմիջնորդավորված ձևով ունի նա: Ուրախալին այս ամենի մեջ մեկ այլ հանգամանք է, որը պետք է խորացնել, որովհետև ինչպես նշել եմ բազմիցս, օկուպացիայի ավարտի լուծումները էդտեղ են: Հայաստանում կրճատվում է քաղաքական անտարբերների ահռելի մեծ և վտանգավոր թիվը՝ ի հաշիվ նոր ուժերի և նոր ձևերի, որոնք սկսել են հավակնել անտարբերների սոցիալական և քաղաքական բազայի քվեներին: Կարևորը սկսել են հավակնել և նրանք էլ ընդունել են հավակնությունը: P.S. «Էական չէ, թե ում կտան ձայն այս կամ այն կիրակի: Էական է, թե ով է ամենաշատը ազդում որոշման վրա, թե ում տան ձայն»: