Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Կամրջի տակ հայտնաբերվել է կալիումամագնեզիումային ընկերության թոփ մենեջերի գլխատված մարմինը

Կամրջի տակ հայտնաբերվել է կալիումամագնեզիումային ընկերության թոփ մենեջերի գլխատված մարմինը
374
Այսօր, 18:32

«Կ-Պոտաշ Սերվիս» կալիումամագնեզիումային ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Ս-ն երկուշաբթի օրը Կալինինգրադի մոտակայքում մահացած է հայտնաբերվել, հաղորդում է «The Moscow Times»-ը։

Հաղորդագրության համաձայն՝ կամրջի տակ ընկած մարմինը գլխատված է եղել՝ կապված քարշակման պարանով։ Մահացածը «Կ-Պոտաշ Սերվիս»-ն ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերին։ Ընկերությունը վերահսկում էր Կալինինգրադի մարզի Նիվենսկոյե գյուղում կալիումի հանքի նախագիծը։ Սկզբում մեկնարկը նախատեսված էր 2021 թվականին, սակայն տեղի բնակիչների բողոքի ակցիաների պատճառով բազմիցս հետաձգվել էր։
Աղբյուրը նշում է, որ Ալեքսեյ Ս-ն արդեն դարձել է 19-րդ թոփ մենեջերը, որը վերջին 3.5 տարվա ընթացքում Ռուսաստանում մահացել է անհասկանալի հանգամանքներում։ Միայն օգոստոսին հայտնի դարձավ «Ուրալկալի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Օսիպովի և «Սամոլետ» ընկերությունների խմբի հիմնադիր Միխայիլ Կենինի մահվան մասին. նրանց մահվան պատճառները դեռևս պարզված չեն։

2022 թվականի հունվարին Լենինգրադի մարզում մահացած հայտնաբերվեց «Գազպրոմ Ինվեստ» տրանսպորտային ծառայության ղեկավար Լեոնիդ Շուլմանը։ Փետրվարին Մոսկվայում հայտնաբերվեցին «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի, նրա կնոջ և դստեր մարմինները։ Հուլիսին գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվեց «Աստրա Շիփինգ» ընկերության տնօրեն Յուրի Վորոնովը, որի ընկերությունն աշխատում էր «Գազպրոմի» արկտիկական նախագծերի վրա։

2022 թվականի աշնանը Մոսկվայի հիվանդանոցի պատուհանից ընկավ «Լուկոյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ Նրա իրավահաջորդ Վլադիմիր Նեկրասովը մահացավ մեկ տարի անց «սուր սրտային անբավարարությունից», իսկ 2024 թվականի մարտին մահացավ ընկերության փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսը՝ պատճառները չբացահայտվեցին։

2023 թվականի փետրվարին Ռուբլյովկայի մի տանը մահացած հայտնաբերվեց նավթի առևտրով զբաղվող Վյաչեսլավ Ռովնեյկոն։ 2024 թվականի աշնանը «Նորիլսկ Նիկել»-ի նախկին փոխնախագահ Միխայիլ Ռոգաչովը ընկավ մոսկովյան բնակարանի պատուհանից, իսկ 2025 թվականի ամռանը նույնը արեց «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը։

«Նովատեկ»-ի նախկին մենեջեր Սերգեյ Պրոտոսենյան մահացած է գտնվել Իսպանիայում գտնվող առանձնատանը։ «Գազպրոմ»-ի ֆինանսական բաժնի թոփ մենեջեր Ալեքսանդր Տյուլյակովայի դին հայտնաբերվել է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող ավտոտնակում։

Նաև, տարօրինակ հանգամանքներում մահացել են հետևյալները՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության թվային լոգիստիկայի հաղորդակցության տնօրեն Պավել Պչելնիկովը, «Վլադիմիր ստանդարտ»-ի հիմնադիր Պավել Անտովը (ընկել է պատուհանից Հնդկաստանում), Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կորպորացիայի տնօրեն Իվան Պեչորինը (ընկել է նավակից), «Լոկո-Բանկ»-ի փոխնախագահ Քրիստինա Բայկովան (ընկել է բարձրությունից երեկույթից հետո), ինչպես նաև «Յակուտսկեներգո»-ի առաջին փոխնախագահ Իգոր Շկուրկոն՝ նրան մահացած են գտել Յակուտսկի նախնական կալանքի կենտրոնում։