Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ

«Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի առաջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»․ ԶԼՄ
130
Երեկ, 21:00

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է «Դատալեքս» համակարգից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստին՝ օգոստոսի 15-ին, որոշել է 10 օրով երկարացնել Սրբազանի կալանքի ժամկետը, ինչից հետո ընդամենը մի քանի նիստի ընթացքում հապճեպ կարգով ավարտել է գործի քննությունը և առաջիկայում նախատեսվում է վերդիկտի հրապարակումը։
Սրբազանի կալանքի ժամկետը 10 օրով երկարացնելու որոշման դեմ բողոք ներկայացվել է օգոստոսի 28-ին, որով պաշտպանները պահանջել են վերացնել խափանման միջոց կալանքը կամ փոխել այն՝ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով։
Առաջին ատյանի դատարանը, սակայն, մինչ գործը կուղարկեր Վերաքննիչ դատարան, արդեն հասցրել է սեպտեմբերի 2-ի որոշմամբ ևս մեկ ամսով երկարացնել Սրբազանի կալանքի ժամկետը՝ դատավարության ավարտական փուլում։ Վերաքննիչ բողոքի մակագրումը փաստացի տեղի է ունեցել կալանքի ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու մասին դատարանի որոշման հաջորդ օրը, բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը սեպտեմբերի 2-ին որոշել է երկարացնել կալանքի ժամկետը, իսկ առաջին երկարացման որոշման վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարան ուղարկել այն պայմաններում, երբ Սրբազանի կալանքի առաջին երկարացման ժամկետի ավարտին դեռևս մի քանի օր ժամանակ կար։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։