Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պետք է հոգևոր կենտրոնի արժեքներն ազատագրենք պղծությունից»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է հոգևոր կենտրոնի արժեքներն ազատագրենք պղծությունից»․ Նիկոլ Փաշինյան
151
Այսօր, 19:36

«Հոգևորականները Հայաստանի քաղաքացիներ են, իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն խոսքի ազատության իրավունք, որը սահմանափակված է օրենքներով․ օրինակ՝ խոսքի ազատությունը չի կարելի օգտագործել բռնության կամ բռնությամբ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար»,- այս մասին ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ Սուրբ Հովհաննավանք եկեղեցու սրբազան հայր Արամը հրապարակավ խոսել է եկեղեցում առկա խնդիրների մասին։ «Եթե այս գործընթացը (վերոնշյալ հոգևորականի կարգալույծ լինելը - խմբ.) տեղի ունենա, ապա Հայ Առաքելական Եկեղեցին պետք է հրապարակայնորեն քննարկի այդ հարցը և պարզաբանի, թե որ եկեղեցական կանոնն է նա խախտել։ Եկեղեցին ունի իր կանոնները, և այս հարցը պետք է հստակ պարզաբանվի»,- նշեց Փաշինյանը հավելելով՝ եթե եկեղեցին հետաքննություն է անցկացնում այս հարցի վերաբերյալ, թող այն հրապարակային լինի, որպեսզի եկեղեցու հետևորդները հասկանան՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։

«Ես, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում Տեր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են եկեղեցու խնդիրների հասցեագրման օրակարգին․․․ Ես կկանգնեմ նման հոգևորականների կողքին և կաջակցեմ, թիկունք կկանգնեմ նրանց․․․ Ես կոչ կանեմ առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչներին՝ իրենք խոսեն իրենց խնդիրների մասին»,- հավելեց Փաշինյանը։

«Եթե մենք ուզում ենք լինել արժեքահենք, նախ պետք է հոգևոր կենտրոնի արժեքները ազատագրենք պղծությունից,- ընդգծեց Փաշինյանը։ - Ես այդ պատասխանատվությունն ու առաջնորդությունը ստանձնում եմ։ Այդ հարցը պետք է լուծվի, և մենք պետք է միասին լուծենք այդ հարցը, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հոգևորականները, որոնք ապրում են հոգևոր կյանքով, հոգևոր օրակարգով և հոգևոր արժեքներով․ նրանք լինելու են այս գործընթացի առաջամարտիկները, առաջնորդները»։

«Պետք է հոգևոր կենտրոնի արժեքներն ազատագրենք պղծությունից»․ Նիկոլ Փաշինյան