«Հայտարարագրերի համար վերջնաժամկետ է նշվել նոյեմբերի 1-ը, բայց անձնագրայիններում խայտառակ վիճակ է». Ռոբերտ Անանյան
86
Այսօր, 19:18
Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, վարչապետի մակարդակով վերջնաժամկետ է նշվել նոյեմբերի 1-ը՝ հայտարարագիր ներկայացնելու համար։ Բայց անձնագրային բաժանմունքներում խայտառակ վիճակ է։ Հերթագրման համակարգը կախել է առնվազն մեկ շաբաթով, և տեղում կենդանի հերթագրման հնարավորություն չկա։ Իսկ ով օնլայն էր գրանցվել, ասենք՝ ապրիլին կամ մայիսին, այսօր բաժանմունքից ուղարկեցին տպելու իրենց հերթի կտրոնը և վերադառնալ։ Երևի կգրանցեն նրանց կամ էլ չէ։ Այսօր ՀՀ ՆԳՆ Անձնագրերի և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքից երկրորդ անգամ տուն ուղարկեցին, երկու խորհրդով։ Առաջին՝ գնամ նորից էլեկտրոնային գրանցվեմ և գամ դեկտեմբերին, երբ նոյեմբերի 1-ից անցած կլինի 2 ամիս։ Երկրորդ՝ սպասել, մինչև կախված համակարգը խելքի կբերեն։ Ընդ որում, չեն խոստանում, որ 1 շաբաթից կաշխատի։ Ասում են, որ երևի 1 շաբաթից էլի հնարավորություն կլինի տեղում հերթագրվել։ Վստահ եմ, 5 օր առաջ էլ գայի, էլի համակարգը կախված էր լինելու, և հինգ անգամ տուն էին ուղարկելու։ Դեռ մարտից գրանցվել էի օնլայն, հերթը եկավ սեպտեմբերին։ Եթե պատշաճ ծանուցած լինեին, որ տեղում հերթագրման հնարավորություն կա, 6 ամիս չէի սպասի իմ հերթին։ Լավ է, որ տեղում գրանցվելու հնարավորություն կա առավոտյան 9-ին, 11-ին, 13։00-ին։ Իսկ ինչու չէիք պատշաճ հայտնում մարդկանց, որ 6 ամիս չսպասեն։ Չգիտեի, որ զինվորական գրքույկը պարտադիր է ID հանելիս, սեպտեմբերի 3-ի հերթը բաց թողեցի։ Եվ ընկա տեղում գրանցվելու թակարդի մեջ։ Մարդիկ գործից կտրվում են, գալիս բաժանմունք, և կախված հայտնաբերում ձեր համակարգերը։ ՆԳՆ նախարար Արփի Սարգսյան, կխնդրեմ ասեք, ե՞րբ կկարողանան մարդիկ գրանցվելու հաճույքը զգալ ձեր անձնագրային բաժանմունքներում և ID ունենալու գործընթացի մեջ մտնել։ Թե՞ օգտվենք ձեր աշխատակիցների խորհրդից և օնլայն հերթագրվենք դեկտեմբերի համար, առանց երաշխիքի, որ էլի չի կախելու ձեր համակարգերը։ Եթե վերջինը, նորմա՞լ է, որ հայտարարագիր չներկայացնեմ մինչև նոյեմբերի 1-ը։ Հուսամ, կառավարությանը տեղյակ պահել եք, որ ձեր համակարգերը կախված վիճակում են և մարդիկ գալիս-գնում են անձնագրային բաժանմունքներ, և որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը շատ քաղաքացիներ գերազանցելու են ձեր ղեկավարած կառույցի աշխատանքի «շնորհիվ»։ Նաև այս պատճառով է, որ մարդիկ կորցնում են հարգանքը և հավատը սեփական պետության նկատմամբ։ Դուք մարդկանց նվաստացնելու և քաշքուկների մեջ գցելու տրամաբանությամբ եք աշխատում։ Ինչքան շատ քաշքշեք և նյարդայնացնեք, այնքան ձեր աշխատանքը հավանաբար ստացված կհամարվի։ Եթե ձեր համակարգեր պատրաստ չեն ռեֆորմների, ID տպելու բավարար քանակի տպիչ չունեք, կամ հերթագրման համակարգը կախվելուց բացի այլ բան չգիտի, մի՛ նախաձեռնեք նման լայնածավալ ռեֆորմ։ Այս գրառումը զգուշացում է այն մասին, որ նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը գերազանցելու մեղավորությունը հերթագրման համակարգը կախողներն են, և ոչ ձեր բաժանմունքներում հալածվող քաղաքացիները»։