Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել ոչ իրեն, ոչ ընդդիմադիր լայն զանգվածներին»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել ոչ իրեն, ոչ ընդդիմադիր լայն զանգվածներին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
123
Այսօր, 16:00

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևի թե այս ամենի մասին պետք է խոսել բաց, ընկալելու համար խնդիրը: Խնդիրն այլևս Փաշինյանը չէ, նա խաղում է բաց խաղաքարտերով, առանց դիմակի և չի քողարկում այլևս ոչ իր դեմքը, ոչ նպատակները, նույնիսկ ջանք չի գործադրում իր քաղաքական էությունը թաքցնելու համար: Հակաիշխանական և ընդդիմադիր լայն հանրային շերտերի պահանջներն ու ձգտումները ոչ ոք հավուր պատշաճի քաղաքականապես չի սպասարկում և ոչ այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ չի կարողանում: Ընդդիմությունը պարզապես չի կարողանում սպասարկել ոչ իրեն, ոչ ընդդիմադիր լայն զանգվածներին քաղաքականապես:
Քաղաքական գործիչները դարձել են «վերլուծաբաններ», «լրագրողներ» և զբաղված են նույն բանով: Պատգամավորները դարձել են «փորձագետներ» և տարբեր տաղավարներում փորձագիտություն են անում զրո առաջարկով իրենց ընտրազանգվածներին:
Նախկին նախագահները, որոնք ներկա են քաղաքական կյանքում, իրենց և խմբակցությունների քաղաքան դերակատարությամբ ավելի շատ շեշտը դրել են իրենց կառավարման ժամանակահատվածի քաղաքականության արդյունավետության և ճշմարտացիության ապացուցման վրա, որն այսօր ունի այլևս զրո արժեք:
Հանրային պրոտեստանտ գործիչները բացարձակ քաոտիկ, իմպուլսիվ և հաճախ «հակաքաղաքական» ձևով են քաղաքականությամբ զբաղվում, որը մեծ հաշվով ընդդիմադիր շերտերի մոտ ավելի մեծացնում է ապատիան քան կրճատում այն:
Ընդդիմադիր «ընտրանին» բացարձակ անունակ է աշխատող առաջարկի առումով:
Փաշինյանը իր բացարձակ փոքրամասնությանը, իր ոչ լեգիտիմությանը տալիս է կեղծ մեծասմասնության և ամուր լեգիտիմության տեսանելիություն և ծավալ: Բոլորը սկսում են աշխատել այդ «տեսանելության» և «ծավալի» դեմ: Բոլորը սկսում են քաղաքականացնել և մատնանշել այդ «տեսանելիությունն» ու «ծավալը» որպես իրականություն, արդյունքում գտնելով հասցե, որով կապացուցեն իրենց առաջարկի բացակայության պատճառը:
Միֆերի հետ կարելի է ժանգլյոռություն անել անվերջ: Շահարկել դրանք պատճառաբանել դրանք, բայց կա մեկ երկաթյա փաստ, որը քանդում է միֆը: Հանրային կարծիքի վեր հանման գիտական ապացույցը: Փաշինյանի մեծամասնության և լեգիտիմության տեսիլքը քանդում է նրա վարկանիշը: Այդ վարկանիշը 15-17% է և հատակում և չի բարձրանում, ինչ էլ նա անի: Նույնիսկ բերած «խաղաղությունը» ըստ հարցումների ավելացրել է նրա վարկանիշը ընդամենը 2-3%-ով: Սա նրա բերած մեգախաղաղության դիմաց չնչին տոկոս է, ինչը մաշվելու է աներկբա:
Եթե այս ամենը վերածենք չափելիության, ապա հայության և նրա պետության բացարձակ մեծամասնությունը դեմ է հայության և նրա պետության անունից վարվող քաղաքականությանը: Ագրեսիվ, իշխանությունը իր ձեռքերում հայտնված պետական համակարգով, ճնշման փոքրաքանակ խմբերով և պաշտոնատար ապարատով, մանիպուլացված ընտրազանգվածով փաստացի ուզուրպացրել է հայության պետության անունից քաղաքականություն իրականացնելու իրավունքը:
Այդ իրավունքի վերականգնման հնարավորությունները կան խաղը փոխելու լիակատար հնարավորություններ կան և հնարավորության անունն է «քաղաքական մոբիլիզացիա հակահարձակման նպատակով»: Դրա պարարտ հողի անունն է Փաշինյանի լեգիտիմության տոտալ կորուստը և ոչ երբեք չեղած լեգիտիմությունը լեգիտիմացնելը:
Մոռացեք, թե նրան ԱՄՆ է լեգիտիմացնում, Ռուսաստանն է լեգիտիմացնում կամ չգիտեմ էլ ով: Լեգիտիմացնում ենք մենք, միայն մենք, մեր չքաղաքականությամբ, հաշվարկներով, կախվածությամբ հազար ու մի բանից:Նրա ազատ գործելու հնարավորությունը ձևավորել ենք մենք:
Լրջանալ է պետք, մոբիլազացվել է պետք, աշխատել է պետք, կառուցակարգեր է պետք, ստրատեգիա է պետք, հակահարձակվել է պետք, ոչ թե անվերջ խոսել դրա մասին, բայց դոփել նույն տեղում: Հայաստանի հակաիշխանական հասարակաքաղաքական դաշտը բացարձակ չի աշխատում փոխադարձ համաձայնությունների ամրացման շուրջ: Այդ դաշտը ունի գաղափարական, սկզբունքային, արժեքային համարյա 90% համընկնում և մոտ 10% անհամաձայնություն: Խնդիրը նրանում է, որ նրանք ավելի շատ ի ցույց են դնում և այդ 10% անհամաձայնությունը և աշխատում դրա շուրջ, քան 90% համաձայնության շուրջ տալով դրան կառուցակարգ, (структура):
Փաշինյանին դիմադրելու ամենաօգտակար ռեժիմներից մեկը այդ 10% անհամաձայնությունը երկրորդական դարձնելն է և 90% համաձայնությունը բյուրեղացնելը, առաջնային դարձնելն ու քաղաքականացնելը: Դա ոչ միայն հնարավոր է այլ սուղ անհրաժեշտ, հակառակ դեպքում ողջ երկիրն է լինելու այդ 10% անհամաձայնության գերին, որն էլ Փաշինյանը խաղարկելու է որպես իր իշխանության երկարաձգման կենարար ռեսուրս»։