«Վեհարանն ազատելու նպատակը քաղաքական բովանդակություն ունի»․ Վարդան Բալյան
111
Այսօր, 19:30
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վանքը պետք է պաշտպանել Էջմիածնում տեղի ունենալիք հանրահավաքի կազմակերպական աշխատանքները գործնական փուլում են արդեն, որոշակի տեղեկություններով՝ նախնական որոշում կա՝ ժամկետի հետ կապված: ...1918 թվականին, երբ ռուսական զորքերը լքում էին ռազմաճակատը, իսկ հայկական ջոկատները նահանջում էին, Վանքը դարձավ ժողովրդի հույսի և ուժի աղբյուրը: Հայոց գավառներից տեղահան գաղթականները լցվեցին Մայր Աթոռ՝ ասեղ գցելու տեղ չկար: Երեխաների ճիչը, մայրերի աղիողորմ հառաչները, սայլերի ճռնչոցը իրար էին խառնվել ու ստեղծել որտաճմլիկ տեսարան: Գևորգյան Ճեմարանում տեղակայված էր զինվորական շտաբը, որի կոչերն ուղղված ժողովրդին տպագրվում էին Վանքի տպարանում: Ժողովուրդն անդադար շրջապատում էր Վեհարանը, հաց ու օգնություն, պաշտպանություն աղերսում, և ծերունազարդ Հայրապետն ամեն անգամ սրտապնդում էր վհատած ժողովրդին, միարաններին ուղարկում այս ու այն պաշտոնական անձանց մոտ ժողովրդի դրությունը նկարագրելու և պահանջելու անմիջական օգնություն: Վհատութեան այդ ծանր օրերին, մայիսի սկզբներին, երբ տաճիկ/թուրքական հաղթական զորքը հասել էր Սարդարապատ ու հազիվ մեկ օրվա ճանապարհ էր մնացել մինչև Էջմիածին, ժողովուրդը հուսալքվեց ու պատրաստվում էր հեռանալ Վաղարշապատից: Մայիսի 4-ին Մայր Աթոռի միաբանությունը ժողով գումարեց Հայրապետի գլխավորությամբ և որոշում ընդունեց որևէ պարագայում չլքել Սուրբ Էջմիածինն ու հավատարիմ մնալ իր ուխտին: Երբ ժողովրդին հայտնի դարձավ այդ որոշումը, մի տեսակ խաղաղություն թագավորեց ու բեռնված սայլերը դատարկվեցին, ճամփա ելնելու պատրաստվողները մտափոխվեցին: Սարդարապատի տակ պատմական ճակատամարտից մի երկու օր առաջ Մ. Աթոռում, երբ մութն ընկել էր, գաղթականների խարույկները արդեն վառվել էին, բակում, պատերի տակ, դալաններում տեղավորվածները պատրաստվում էին քնել բաց երկնքի տակ, հնչեցին Վանքի զանգերը: ...Վանք էին շտապում բոլորն անխտիր կարծես Ավարայրի ճակատամարտի նախընթաց երեկոն էր, երբ ամենքն էին հաղորդվում ու պատրաստվում Սրբազան պատերազմի: Միարանների աղոթք երգեցողությանը զուգընթաց ժողովրդի մեջ ողբ ու կոծ սկսվեց, լսվում էին հեծկլտոցներ, հառաչներ սրտի խորքերից: Այդ սպասելի էր՝ չէ՞ որ նահատակութեան պատրաստվողը մեղքի զղջման ու Աստծուն ապաշխարհության բուռն զգացումով է բռնվում այդ խորհրդավոր ժամին: Ի սպաս Հայրենիքի փրկության էր դրել Մայր Աթոռն իր հոգևոր և նյութական բոլոր ուժերն ու կարողությունները: Այդ դառնագին օրերին Վանքի դարավոր հրաշալիք անտառը գաղթականները կտրեցին ու վառեցին, նույնը Ներսեսյան լճափի ծառերը, Ճեմարանը զորանոց և որբանոց էր դարձել նույնպես ինչպես Մանկավարժական թանգարանը, Ճեմարանի ննջասենյակները, սեղանատունը, հին Սինոդը. նոր Վեհարանը վաղուց արդեն հիվանդանոցի էր վերածվել: ...Որովհետև ժողովրդի զոյության պահպանության հարցն էր ամենից էականը ու ազատագրված Հայրենիքի վերակենդանության սրբազան գործը... Վեհարանն ազատելու փաշինյական գործողությունը նախատեսվում է հոկտեմբեր ամսին: Ինչքան էլ հրապարակային հայտարարեն, թե Վեհարանն ազատելու նպատակը հոգևոր մղումներով է ձևավորվել, այն ակնհայտ քաղաքական բովանդակություն ունի, ըստ որում, ոչ միայն ներքին, այլև արտաքին: