«Առանց պայքարի չկա փրկություն»․ Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռում
131
Այսօր, 16:30
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Սեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։ ««Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24): Ինչպես տեսնում ենք, առաջին պայմանը, որ Քրիստոս դնում է, իրեն կամավոր հետևելու ցանկությունն է: Ավետարանն իսկ վկայում է, որ Քրիստոս երբեք չի պարտադրել, չի ստիպել իրեն հետևել, մտնել խաչի ծառայության տակ: Շատերը նրան լսեցին, ոմանք չհետևեցին, իսկ ովքեր վերջնական որոշում կայացրին, դարձան նրա հետևորդները: Բայց նույնիսկ ամենամերձավոր հետևորդները երբևէ զրկված չեն եղել ընտրության ազատությունից»,-ասաց Արտակ Սրբազանը՝ հաստատելով, թե նա ով ճաշակում է Տեր Հիսուսի խոսքի զորությունը, հավիտենական կյանքի քաղցրությունը, երբեք չի հեռանում Փրկչից: Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը կարևոր նկատեց նաև սեփական անձի ուրացումը։ Արտակ եպիսկոպոսը նշեց, որ աշխարհի մեջ մեծագույն սխրանքները, ձեռքբերումները, հաղթանակները իրականություն են դարձել անձնազոհության, սեփական ես-ը ստորադասելու արդյունքում, իսկ քրիստոնեության մեջ դրա մեծագույն օրինակը Գողգոթան է: «Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը պիտի անցնի Գողգոթայով, որպեսզի մենք ինչ-որ չափով կարողանանք հասկանալ այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս արեց մեզ համար: Գողգոթան թեև փոքրիկ մի բլուր է, սակայն իր կարևորությամբ տեսանելի է աշխարհի չորս ծագերից, որտեղից լույսն է ճառագում: Այն աշխարհի բոլոր ճանապարհների խաչմերուկն է: Եթե մեր կյանքի ճանապարհը չի անցնում Գողգոթայով, ապա ոչ մի երաշխիք չունենք, որ այն չի տանի դեպի դժոխք: Իսկ Գողգոթան պայքարի, զոհողության ու հաղթության բարձունքն է: Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»,-արձանագրեց Սրբազան Հայրը: Իր խոսքում Արտակ Սրբազանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ իր խաչն ունի, կյանքի իր ճանապարհը՝ լի դժվարություններով, բարդություններով, երբեմն վշտերով ու տառապանքով: Այս առիթով պատարագիչը հորդորեց հավատացյալներին չվարանել վերցնելու իրենց խաչը, իսկ Քրիստոս կպարգևի այն կրելու զորությունը, որովհետև որևէ մեկին չի տրվում ավելի ծանր, քան նա կարող է կրել: Վերջում Արտակ եպիսկոպոսը ներկաներին պատգամեց մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության ու աշխարհատենչության խոտոր ընթացքներից, վերցնել խաչը, տեր լինել Քրիստոսին նմանվելու իրենց իրավունքին ու պարտականությանը, գնալ Նրա ետևից մինչև Գողգոթա և հաղթահարել Գողգոթայի տառապալից բլուրն ու մահվան ստվերները»։