Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այս նկարում պատկերված դերասանները դժբախտ մարդիկ են». Մարատ Եգանյան

«Այս նկարում պատկերված դերասանները դժբախտ մարդիկ են». Մարատ Եգանյան
146
Այսօր, 17:06

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես եղել եմ այս բեմադրությանը, և պետք է ասեմ՝ դա բավականին հաջողված բեմադրություն էր։
Ի՞նչ կարելի է ասել այս նկարում պատկերված մարդկանց մասին։ Այս նկարում պատկերված դերասանները դժբախտ մարդիկ են։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ էին նրանք ուզում ասել և ինչ էին ասում բավականին երկար ժամանակ՝ հանրապետության ամենապահանջված բեմերից մեկում։ Եվ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այդ առաքելությունն իրականացնելիս նրանք պարծենում էին իրենց հարազատների շրջապատում, տարբեր միջավայրերում, երբ խոսքն ընթանում էր հայրենասիրության, համարձակության և ինքնուրաց Հայրենիքին նվիրվածության մասին։
Այո, մինչ այդ պահը նրանք համարձակ էին։ Մինչ այդ պահը նրանք Հայրենիքի և Ազգի կողմից իրենց վստահված առաքելությունն իրականացնում էին գրեթե անթերի, և այդ ժամանակ նրանք իսկապես ուժեղ էին։ Ուժեղ էին, որովհետև գտնվում էին իրենց թատրոնի պատերի ներսում, իսկ իրենց դիմաց հազարավոր մարդիկ էին, որոնց ձայնը նրանց ձայնից շատ ավելի թույլ էր։ Եվ նրանք օգտագործում էին այդ բեմի ու դերասանի հսկայական ուժը՝ ի նպաստ մեզ բոլորիս։
Ամեն ինչ այդպես փառապանծ կշարունակվեր, եթե մի օր նրանք չհանդիպեին իրենց իսկ հարթակում իրենցից շատ ավելի մեծ ուժի։ Եվ հենց այդտեղ նրանք ունեին երկու տարբերակ․ կամ պահպանել սեփական «ես»-ը և դառնալ «ԱԶԳԻ ՁԱՅՆ», կամ կորցնել այդ ամենը ու ամբողջ կյանքի ընթացքում դատապարտվել հիշելու այդ օրը, կրկին ու կրկին վերապրելու այդ պահը և հիշելու այն, ինչ արեցին։
Այո, դուք Ռոբերտ Աբաջան չեք։ Սողոմոն Թեհլերյան էլ չեք։ Դուք ընդամենը դժբախտ էակներ եք, որոնք այլևս երբեք չեն լինելու այնպիսին, ինչպիսին կային մինչև 2025 թվականի սեպտեմբերի 14-ը։
Ցավում եմ, տղերք։
Իսկապես ձեզ հետ միասին մեծ ցավ եմ ապրում»։

Աղբյուրը`   Մարատ Եգանյան