«Մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրատեսական պլանը` ի տարբերություն Փաշինյանի նախընտրական խաբեության». Լևոն Զուրաբյան
130
Երեկ, 22:36
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՆՔ ՈւՆԵՆՔ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է՝ որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել՝ որպես խաղաղությանը հասնելու պլան՝ երեք հիմնարար պատճառով: 1. Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին իր բանտերում և կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ: 2. Վաշինգթոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման՝ ԲՐԻՔՍ-ի, այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի և ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ՝ էապես բարձրացնելով Հայաստանի՝ պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները: 3. Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը և մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության և ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման և ամլացման հեռահար նպատակներ: Մեր խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում և նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն և զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի և շահագործի Հյուսիս-Հարավ երկաթուղի, ավտոմայրուղի և օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի: Այս պլանը ունի հետևյալ առավելությունները. 1. Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում և կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների և պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ: 2. Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության և զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տևական խաղաղության հեռանկարներ: 3. Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից և տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով՝ կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը, ինչպես նաև՝ բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ: 4. Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը: Այսպիսով, մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը»: