Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է»․ Լիլիթ Բլեյան

«Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է»․ Լիլիթ Բլեյան
110
Այսօր, 13:48

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն պարզ է, թե ինչ տրամաբանությամբ են վարվում հայ-թուրքական բանակցությունները։
Նրանք ասում են՝ Արարատը տարածքային պահանջների խորհրդանիշն է, հայկական կողմն անմիջապես համաձայնում է ու ռետինը ձեռքին վազում տուն՝ Արարատը ջնջելու։
Եթե այդ բանակցությունները մեր տարածաշրջանին խաղաղություն բերելու և հարևան երկրների ու ժողովուրդների միջև համակեցություն ապահովելու համար են, ապա դրանք պիտի հիմնված լինեն օբյեկտիվ իրականության վրա։
Օբյեկտիվ իրականության մեջ Արարատ լեռն իր տեղում բազմած է։ Հայոց՝ հազարամյակների պատմության ահռելի բաժինը ծավալվել ու զարգացել է Արարատի փեշերին՝ Արարատյան դաշտում։ Արարատը մեր երկրի բնական սիմվոլն է, այն թանկ ու կարևոր է բոլորի համար՝ առանց բացառության (կամ՝ չնչին բացառություններով)։
Բոլորն են հասկանում, որ «Արարատը հեռացնելու» մասին զրույցներն աբսուրդ են, քանի որ Արարատը մեր տեսադաշտից չի կարող հեռանալ։ Այն հնարավոր չի հեռացնել նաև մեր հոգևոր-մշակութային դաշտից, դա պարզապես հակաբնական է։ Հնարավոր չի չտեսնել այն, չհիանալ նրանով, չմաքրվել ու չստեղծագործել՝ նրանով ոգեշնչված։ Արարատն այնքան կարևոր է մեզ համար, որ դա բացատրելը, այդ մասին խոսելն իսկ տարօրինակ է մեր ականջին։ Այդպես եղել է միշտ և այդպես լինելու է։
Արարատը մեզնից հեռացնել հնարավոր է միայն, եթե մեզ հեռացնեն Արարատի փեշերից։ Եվ նույնիսկ այդ դեպքում Արարատը կմնա Հայաստանի խորհրդանիշը։
Երբ երկու հարևաններ որոշում են առողջ, բնական հարաբերություններ կառուցել, նրանք սկսում են փնտրել միավորող կետերը, և ոչ՝ բաժանարար։ Խաղաղության ձգտողները չեն փորձում վիրավորել իրար՝ խոշտանգելով միմյանց ինտելեկտը և պահանջելով անհնարինը։ Չեն փորձում խլել ամենանվիրականը, չեն փորձում խոցել դիմացինի սիրտը։ Դա արդեն խաղաղ հարևանության տանող խոսակցություն չէ, դա նվաստացում է ու ստորադասում։
Հարևանների միջև իրական բանակցությունները խարսխվում են միավորող գործոնների վրա՝ ստեղծելու կամուրջներ, թելեր, որոնք կտան ընդհանրության զգացում։ Որոնք հնարավոր կդարձնեն համակեցությունը, ոչ թե կխոցեն կողմերից մեկին՝ ամենանվիրական կետում։
Եթե հայ-թուրքական բանակցությունները վարվեին այս տրամաբանության մեջ, ապա Արարատը կդառնար հարևանության ու համակեցության սիմվոլ։ Այդ դեպքում Արարատը կլիներ այն, ինչը բնականորեն կա՝ լեռ, որի երկու փեշերին մարդիկ են ապրում, տարբեր ժողովուրդներ, որոնք փորձում են հաղթահարել ծանր, դաժան փուլերն ու սկսել հարաբերություններ կառուցել։ Արարատը կդառնար հենց խաղաղության ու տարածաշրջանի նոր տրամաբանության խորհրդանիշը։
Այսօր արվում է ուղիղ հակառակը։ Եվ հենց այդ պատճառով ենք մենք անհանգիստ։ Որովհետև արդեն եղել է՝ ընդամենը մի քանի տարի առաջ, խաղաղության բարձր խոստում ու անմիջապես դրանից հետո՝ մեր հարյուրամյա պատմության ամենածանր կորուստն ու վերքը։
Եվ հենց ա՛յդ պատճառով են մարդիկ անհանգիստ։ Որովհետև վախենում են, որ բանակցվող խաղաղությունը կարող է դառնալ Արցախում այսօր տիրող «խաղաղության» պես։
Որովհետև Հայաստանի անունից բանակցողները նույնն են։
Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է։ Այդ խորհրդանիշը ջնջելու փոխարեն՝ հայ բանակցողները պիտի հենվեին Արարատի վրա»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան