Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Արվեստագետների նկատմամբ ջարդարարությունը պատահական դրվագ չէր»․ Լևոն Զուրաբյան

«Արվեստագետների նկատմամբ ջարդարարությունը պատահական դրվագ չէր»․ Լևոն Զուրաբյան
96
Այսօր, 11:24

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցից մի հատված՝ կից տեսանյութով․ «Մեր խրուշչովյան «дурачок»-ը հիմա էլ որոշել է իր կիսագրագետ հալով կառավարել երկրի արվեստը, կիրառելով «արվեստի պարտիականության» բոլշևիկյան մեթոդները, բնականաբար, իր խղճուկ գավառական մակարդակով, ինչը, սակայն, Փաշինյանի ոտնձգությունները մեր ազատությունների նկատմամբ պակաս վտանգավոր չի դարձնում:
Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ը աննշան մի հողակտորի համար երկու հայ գյուղաղու միջև համառ կռվի մանրախնդիր ագահության մասին պատմվածք է, որն այնքան սեևեռուն է, որ շարունակվում է ընդհուպ մինչև ազգային արհավիրքի՝ թուրքական բանակի ներխուժման սկիզբը: Եվ ահա «Իրական Հայաստանի» նորաթուխ պրոպագանդիստը որոշում է ներկայացման հեղինակների ներկայությամբ «տիեզերական մասշտաբի և նույնքան տիեզերական հիմարության խորհուրդներ» (Բուլգակով, «Շան սիրտը») տալ, որ Զորյանի արվեստի ուղերձը պիտի փոխվի, և ոչ թե «ցանքապատների տապալումով» Հայաստանը միավորվի, այլ Կիրանցի ցանքապատի կառուցումով Հայաստանը կայանա:
Հետո պարզվում է նաև, որ արվեստագետների նկատմամբ խրուշչովյան այս ջարդարարությունը պատահական դրվագ չէր, և շրջանառության մեջ է դրվել Հայաստանի արվեստն այսուհետև «Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսությանը» ենթարկելու կառավարության որոշման նախագիծը:
Սա արդեն կլոունություն էլ չի, սա Հայաստանում «կուլտուրական հեղափոխություն» իրականացնելու ադրբեջանական գործողություն է, որի ղեկավարումը վստահվել է փաշինյանական երիտ-ՔՊականներին:
Իսկ մենք Սովետական Միությունից անկախանալու և կոմունիստակական ռեժիմից ազատագրվելու համար պայքարել ենք ոչ նրա համար, որ այսօր այս կիսագրագետ հտպիտները ազգային ինքնանվաստացման տկարամիտ «գաղափարախոսությունը» փաթաթեն մեր վզին որպես դեպի պայծառ ապագա առաջնորդող չուչխե:

Մեզ խորտակող այս ճահիճից ելքը կապված է իրական խաղաղության հաստատման մեր ծրագրի հետ»։

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը
Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան