Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Բաքուն վերացնում է Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը»․ Հովիկ Ավանեսով

«Բաքուն վերացնում է Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը»․ Հովիկ Ավանեսով
135
Այսօր, 09:36

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի հիմնական թիրախները դարձան ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունը և հասարակական նշանակության ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։
Պատերազմի հետևանքով Արցախը ժամանակավորապես բռնազավթվեց, իսկ Արցախահայությունը՝ բռնի տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից։ Այսպիսով, Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին։
Ադրբեջանի քաղաքականությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից շարունակվում է աննախադեպ ծավալներով․ համակարգված ոչնչացվում են Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր, մշակութային կենտրոններ և այլն։ Այս հուշարձանները ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են, և դրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին։
Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս միանշանակ պնդելու, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքի, անգործության և շատ դեպքերում՝ հանցավոր լռության պայմաններում։ Ավելին, միջազգային կառույցները հաճախ սահմանափակվում են արարողակարգային հայտարարություններով՝ խուսափելով անվանել կատարվածը իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագա հանցագործությունների համար»։

Աղբյուրը`   Հովիկ Ավանեսով