«Կարո՞ղ է պետությունը գոյատևել, երբ իշխող ուժի գաղափարախոսությունը պոպուլիզմն է»․ Սարգիս Տեր-Եսայան
87
Այսօր, 02:00
«Իրավունքների և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբույան գրառումը․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոն՝ Արարատի ստվերի տակ ծվարած: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանիշը սովորական ձեռքսեղմում չէ: Այն խորհրդանշում է Արարատ լեռը։ Լոգոյի այս ընտրությունը պատահական չի եղել, երբ կուսակցությունը 2015թ-ին հիմնադրվել է, փորձել է ներկայանալ որպես համերաշխության, բարեփոխումների և ազգային ինքնության պահապան, որի արդյունքում էլ Արարատ լեռը՝ փոքր և մեծ Մասիսներով դրվել է լոգոյի հիմքում՝ իբրև միասնական ապագայի նշան։ Բայց, այս ամենի հետ մեկտեղ գաղափարախոսություն է ընտրել պոպուլիզմը: Դե հիմա պատկերացրեք մի քաղաքական ուժ, որը հռչակում է, թե ունի «գաղափարախոսություն», բայց այդ «գաղափարախոսությունը» ոչ թե արժեքների, ծրագրերի ու սկզբունքների համակարգ է, այլ ընդամենը պոպուլիզմ։ Պոպուլիզմը ոչ թե գաղափար է, այլ խոսքի ու ամբոխահաճ հռետորաբանության մեթոդ։ Պոպուլիզմի մեջ գաղափարական հիմք չկա: Այն չի առաջարկում ազգային կամ պետական երկարաժամկետ տեսլական։ Այն մշտապես կառուցում է հակադրություն՝ «ժողովուրդը ընդդեմ էլիտայի», «մենք ընդդեմ նրանց»։ Բայց այդ հակադրությունը ծառայում է միայն մեկ նպատակի՝ պահել իշխանությունը խոստումներով ու գեղեցիկ բառերով, առանց իրական արդյունքի։ Երբ կուսակցությունը հայտարարում է, թե իր գաղափարախոսությունը հենց պոպուլիզմն է, դա նշանակում է հետևյալը․ ․ Պետության ապագան հենվում է խոսքերի վրա, ոչ թե ծրագրերի։ ․ Խորհրդանիշները դառնում են դեկորացիա, որոնք կարելի է ցանկացած պահի զոհաբերել։ ․ Ցանկացած արժեք, լինի Արարատը, պատմական հիշողությունը կամ ազգային արժանապատվությունը, կարող է դիտվել որպես խանգարող հանգամանք «խաղաղության» պատրանքի համար։ Իրական գաղափարախոսությունը կառուցում է, ձևավորում է ինստիտուտներ, առաջարկում է հեռանկար, իսկ պոպուլիզմը սպառում է ինքն իրեն՝ դատարկ խոսքերից ու ամբոխահաճ ճառերից այն կողմ ոչինչ չթողնելով։ Երբ կուսակցության գաղափարախոսությունը պոպուլիզմն է, դա ամենամեծ ինքնաբացահայտումն է՝ խոստովանությունը, որ իրական գաղափարներ չկան։ Եվ երբ գաղափարներ չկան, այնտեղ, անխուսափելիորեն, գալիս է արժեքների փլուզումն ու խորհրդանիշների մոռացությունը։ Իրականում այս լոգոն արտատպված է թուրքական ապրանքների արտադրանքի վրայից, կարելի է ենթադրել որ հաճոյանալով Թուրքիային է այս միտքը ծագել իրենց մոտ։ Հ.Գ. Արդյունքում մնում է միայն հարցեր՝ կարո՞ղ է պետությունը գոյատևել այն պայմաններում, երբ իշխող ուժի գաղափարախոսությունը պոպուլիզմն է և հաջորդը՝ ո՞ր պահից է ՔՊ-ն փոխելու իր սեփական կուսակցության խորհրդանիշը»: