«Քո սկսած պայքարը անավարտ չի մնալու, Վալոդյա ջան»․ Մանե Թանդիլյան
118
Այսօր, 11:06
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վալոդյա Գրիգորյանն անցավ կարճ, բայց փառահեղ քաղաքական ճանապարհ։ 2021թ․-ից սկսելով քաղաքական ուղին՝ մինչև կյանքի վերջին օրը որդեգրեց բացառիկ սկզբունքներ՝ անձնական շահի ստորադասում հանրային, պետական շահին, հայրենասիրություն, ազնվություն, պատասխանատվություն, վճռականություն։ 2021թ․ Փարաքար համայնքի ավագանու ընտրությունների անարդարության դեմ պայքարեց երեք տարի՝ փողոցում, դատարաններում․․․ Պայքարեց ամեն օր՝ լինելով վճռական, լինելով ուժեղ․․․ Ամեն օր շարունակում էր լինել համայնքի, համայնքի բնակչի կողքին՝ կրելով իր բաժին պատասխանատվությունը՝ անկախ կարգավիճակից։ Այդ ընթացքում բացառիկ նվիրումով լծվեց կուսակցության աշխատանքներին՝ դառնալով թիմի առանցքային դեմքերից մեկը։ Չէր սիրում խոսել։ Լուռ աշխատանք՝ որտեղ կար պատասխանատվության կարիք, նա առաջինն էր այնտեղ։ 2025թ․ Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններին Վալոդյան պատրաստվում էր այլ որակով՝ ահռելի լարվածության կողքին՝ կրկին լուռ, զուսպ, պատասխանատու ու նվիրական աշխատանք։ Եվ փառահեղ հաղթանակ՝ սկզբունքայնության, ազնվության, պատասխանատվության հաղթանակ․․․ Պետական պաշտոնայի կարգավիճակում ցուցաբերեց բացառիկ նվիրում՝ կարճ ժամանակում կառուցելով կուռ ու պատասխանատու թիմ, տիրապետելով ամեն բնակչի անհատական խնդրին՝ օր ու գիշեր ստեղծելով նոր արժեք՝ հանուն համայնքի, հանուն համայնքի բնաչի։ Եղավ բոլորի համայնքապետը՝ բացառելով հովանավորչությունը, անձնական և թիմային շահը։ Ամեն փոքր խնդրի լուծում Վալոդյայի համար մեծ ուրախություն էր, հպարտություն, նոր ուժ՝ հետագա խնդիրները լուծելու համար։ Անդադար աշխատանք՝ առանց հոգնելու, առանց տրտնջալու՝ սնվելով համայնքի բնակիչների սիրով և հարգանքով։ Մեծ երազանքներ ուներ՝ համայնքի, կուսակցության, հայրենիքի հետ կապված։ Դրանք դարձնում էր նպատակ ու քայլ առ քայլ գնում այդ ճանապարհով։ Աշխատանքային և քաղաքական պատասխանատվության կողքին, եղավ ծնողներին արժանի զավակ, չորս երեխաների փառահեղ հայր, սիրող և սիրված ամուսին, նվիրված եղբայր, ընկեր․․․ Ննջիր խաղաղությամբ, լավագույն ընկեր․․․ Այս ողբերգության կատարողները, պատվիրատուները, անգործունակները պատասխան են տալու ամենայն խստությամբ, իսկ քո սկսած պայքարը անավարտ չի մնալու, Վալոդյա ջան...»։