Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Արցախը լքելու վերջին օրերին այս երեխաները գրքերն էին վերցրել». Սիրանուշ Սարգսյան

«Արցախը լքելու վերջին օրերին այս երեխաները գրքերն էին վերցրել». Սիրանուշ Սարգսյան
160
Այսօր, 18:12

Լրագրող Սիրանուշ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը լքելու վերջին օրերը ամենածանրն էին. գրեթե դատարկ քաղաք, խանութների կիսաբաց ու նաև փշրված լուսամուտներ ու դռներ։ Որոշ խանութպաններ ոչ միայն դռները բացել էին, այլև հագուստներն ու անհրաժեշտ իրերը հենց մուտքի մոտ էին դրել։
Մարդիկ մտնում ու վերցնում էին իրենց պետք եկած ու չեկած իրեր։
Սարսափելի տեսարան էր։ Չեմ կարող բացատրել ինչու, բայց ուզում էի քաղաքի ամեն անկյունով քայլել. այնպիսի տպավորություն էր, որ ամենահարազատդ հոգեվարքի մեջ է ու չես ուզում ձեռքը բաց թողնել։ Խելագարի նման քայլում էի ամենուր։
Ազատամարտիկների փողոցում խանութներից մեկի դիմաց մի ընտանիք կոշիկներ ու պայուսակներ էր վերցնում։ Տեսնելով այլայլված ու գուցե դատող /իսկ ես ով էի, որ դատեմ/ հայցաքս, տղամարդը ինձ մեկնեց կեղծ «Gocci» պայուսակը ու ասաց՝ սա էլ քեզ վերցրու։ Հայացքս փախցրի ու շարունակեցի քայլել՝ կարծես ուզում էի մի լուսավոր բան գտնել այդ ապոկալիպսիսի մեջ։ Եվ ահա հանդիպեցի այս երկու փոքրիկներին, որոնք գրքերը ձեռքներին մենակ քայլում էին։ Անհավատալի տեսարան էր։ Մոտեցա ու հարցրի, թե ինչու են մենակ, որտեղից են գալիս, իսկ նրանք վախեցած ու շփոթված «արդարացան», որ գրախանութի դռները բաց էր և մինչև ծնողները հավաքում են իրերը, իրենք էլ որոշել են գնալ ու գիրք վերցնել իրենց հետ։
Հասկացա, որ գտել եմ այն ինչ փնտրում էի ապրելու համար։
Հ.Գ. Տեսնես այս երեխաները հիմա որտեղ են»: