Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական հետապնդում չի հարուցվի». Վահան Հովհաննիսյան

«Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական հետապնդում չի հարուցվի». Վահան Հովհաննիսյան
134
Երեկ, 22:48

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և կրկին որոշում կայացրել ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։

Հիշեցնեմ, որ 2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները որոշումներ էին կայացրել տուժող կողմի բողոքները բավարարելու և նույնաբովանդակ որոշումները վերացնելու մասին։

Դատարանների որոշումներից հետո, երբ միակ դատավարական լուծումը պետք է հանդիսանար ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումների կայացումը, վարույթն իրականացնող մարմինը, 1,5 տարի տևող քննության ընթացքում լրացուցիչ հարցաքննել է հինգ ոստիկանի և գտնելով, որ ծնողները սխալ էին, իսկ ոստիկանները ճիշտ, կրկին կայացրել է նույն որոշումը։

Կրկին ոստիկանների ցուցմունքները առավել հավաստի են համարվել, քան գործում առկա բազմաթիվ տեսագրությունները, ոստիկանների ցուցմունքները առավել արժեքավոր են համարվել, քան հակակոռուպցիոն դատարանների որոշումները։

Կեցցե մեր բարեփոխված ոստիկանությունը։

Այսուհետ առաջարկում եմ դադարեցնել քրեական վարույթներով նախաքննության իրականացումը և բավարարվել միայն մեր ազնիվ, քաջ ու անվեհեր ոստիկանների ցուցմունքներով»։