Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հայաստանի անվտանգային ապագան չեզոքությունն է»․ Թաթուլ Հակոբյան

«Հայաստանի անվտանգային ապագան չեզոքությունն է»․ Թաթուլ Հակոբյան
66
Այսօր, 17:30

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անդրկովկասը ռուսական ազդեցության ոլորտից դուրս բերելու արևմտյան երկրների ջանքերը նորություն չեն:
Այն կարճ ժամանակահատվածում, երբ Ռոմանովների Ռուսաստանում մոլեգնում էր հեղափոխությունն ու պայքարը Լենինի, Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի միջև, անդրկովկասյան երեք հիմնական ազգությունները՝ հայերը, վրացիներն ու թաթարները, այսօր՝ ադրբեջանցիներ, քաղաքական, ռազմական պայքարի ու նաև Օսմանյան կայսրության միջամտությամբ անկախացան:
Ընդամենը երկուսուկես տարի անց ռուսական բոլշևիզմը կուլ տվեց Անդրկովկասը և այս անգամ տարածաշրջանը յոթ տասնամյակ մնաց նոր կայսրության՝ ԽՍՀՄ կազմում:
Արևմտյան պետությունները շատ բան չարեցին պաշտպանելու իրենց երեկվա դաշնակիցներին: Բրիտանացիները հեռացան Անդրկովկասից, ամերիկացիների խոստումների մի մասը մնաց թղթի վրա, իսկ ֆրանսիական ցինիզմը չափ չուներ:
Ֆրանսիացիները լուրջ չէին վերաբերվում երեք երկրների անկախությանը, մեծ ներդրում չէին անում Անդրկովկասում և հրապարակավ հայտարարում էին, որ դրա կարիքը չկա, քանի որ բոլշևիկները ուր որ է վերադառնալու են:
Այդպես էլ եղավ:
Հայաստանը այսօր շատ ուշադիր պետք է լինի և միշտ հիշի, որ հարվածներ կարող է ստանալ ոչ միայն արևելքից ու արևմուտքից, այլ հյուսիսից, ինչպես եղավ 1920-ին:
Ոչ Թրամփը, ոչ մարդասեր ֆրանսիացիները մեր փոխարեն չեն կարգավորելու մեր խնդիրները: Եվ նման պարտավորություն չեն ստանձնել: Ավելին, նրանք Հայաստանին չեն առաջարկում հեռանալ ՀԱՊԿ-ից, քանի որ դա կնշանակի Հայաստանի անվտանգության ապահովության ստանձնում, ինչին պատրաստ չեն կամ չեն ուզում:
Ես շարունակում եմ համոզված լինել, որ Հայաստանի անվտանգային ապագան չեզոքությունն է և ռազմաքաղաքական դաշինքներին մաս չկազմելը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան