«37-ամյա Յուրի Մարգարյանը սպանվել է լապտերի շուրջ ծագած վեճի պատճառով»․ Լիա Սարգսյան
188
Այսօր, 12:42
Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ գրել էի, որ Կապանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով դանակի մահացու հարվածներից սպանվել է 37-ամյա Յուրի Մարգարյանը: Սպանությունը կատարած 22-ամյա վարդենիսցին Կապանից դիմել է փախուստի, ապա ինքնակամ ներկայացել է Վարդենիսի ոստիկանության բաժին և խոստովանել հանցանքը: Սպանության վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ: Դեպքը տեղի է ունեցել Կապանի հանքի աշխատակիցների միջև՝ լապտերը (ֆանարիկը) ցեխոտ հանձնելու պատճառով: Սպանությունը խոստովանած վարդենիսցին ցեխոտ լապտերը ջրի տակ լվացել է, որ հանձնի, լամպավար կինն ասել է՝ ջրի տակ մի՛ պահեք, փչանում է: Վարդենիսցին պատասխանել է՝ «թո՛ղ սարքողը մտածի»: Այս խոսակցությանը ներկա է եղել լապտերները վերանորոգողը, հարցրել է՝ «խի՞ ես տենց խոսում», ինչից հետո հանքի տարածքից դուրս են եկել՝ վեճը այլ վայրում շարունակելու նպատակով: Արդեն հանքից հեռու վարդենիսցին դանակի համացու հարվածներ է հասցրել Յուրի Մարգարյանին, դանակահարել է նաև Մարգարյանի եղբորը: Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ն հայտնել էր՝ սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։