Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նիկոլ Փաշինյանի համար կարևորը խրոնիկ թշնամիներ հռչակելն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Նիկոլ Փաշինյանի համար կարևորը խրոնիկ թշնամիներ հռչակելն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
85
Այսօր, 17:42

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ հաշվով Փաշինյանը գիտակցում է, որ իր շուրջը հավաքվածները իր տիպի են, իր բնույթի և մի օր իր հետ անելու են այն, ինչ հիմա նա է անում Լևոն Տեր Պետրոսյանի հետ: Այս ամենի մեջ նրա համար կարևորը խրոնիկ թշնամիներ հռչակելն է և էական էլ չէ, թե այդ թշնամին, ինչ և ինչքան ունի իրեն համար արած կարևորը կարմիր գիծ անցնելն է, ուրանալը, ինչքան կձգեմ կձգեմ սկզբունքով:
Նա հասկանում է, որ նա չի կարող մնալ առանց իր համար թշնամի ձևակերպելու և դրանով է միայն ունակ արդարացնելու իր տխրահռչակ քաղաքական գոյությունը: Դա լավ օրից չէ: Նա ընդունել է արտաքին թշնամուն ներքին «թշնամիով» փոխարինելու քաղաքական գործարքը հանուն իշխանության: Համոզված եմ, որ Փաշինյանը շատ կուզեր լինել կամ գոնե երևար առաքինի, սոլիդ, հաղթող, բայց ավաղ դա չկա , իսկ եթե դա չկա պետք փնտրել և գտնել ալտերնատիվ կերպար, որը կմերժի առաքինությունը, սոլիդությունը, հաղթողականությունը: Որ րոպեին նա չունեցավ ձևակերպված թշնամի նրա քաղաքական գոյությունն այլևս անունակ և անէական է լինելու: Էական չէ, թե ով կլինի թշնամին ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բագրատ և Միքայել Սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանը , թե ով, կարևորը ձևակերպվի թշնամին: Դա յուրաքանչյուր պոպուլիստական ավտորիտարիզմի առանցքային գիծն է:
Եթե օրինակ ողջ լինեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը նրանք կմեղադրվեին մեկը Հայաստանի ցեղասպանապահանջատիրության սերմանման՝ ի դեմս Ծիծեռնակաբերդի կառուցման, և Հայաստանի ռազմատենչականության սերմանման համար՝ ի դեմս բանակ կառուցելու: Օրինակ Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հենրիկ Իգիթյանը էական չէ, նրանց ևս վերագրվելու էր որևէ մեղք և մեղավորություն այսօրվա համար: Օրինակ նրանց կմեղսագրվեր 1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ հայտարարելը, որի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր և դա կդառնար Ղարաբաղյան հակամարտության նախերգանքի ստեղծման մեղավորություն: Սոս Սարգսյանը կդառնար ադրբեջանասովետական նարատիվներով առաջնորդվող դաշնակցական ռևանշիստ, որովհետև դեռ հեռավոր 1991-ին Սոս Սարգսյանը Հայ հեղափոխական դաշնակցության նախագահի թեկնածու էր: Սիլվա Կապուտիկյանը կդառնար «սնուցող մայրերի» անտիկերպար և այլն:
Մեղք վերագրելու առումով որևէ խնդիր չկա քպականության համար, եթե անհրաժեշտ է դիցուկ Շարլ Ազնավուրը կմեղադրվեր «հանցավոր ռեժիմի» Շվեյցարիայում ՀՀ դեսպան լինելու և ըստ այդմ հանցավոր ռեժիմի կամակատար լինելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմ հրահրելու մեջ: Էլ չեմ խոսում օրինակ Արամ Խաչատուրյանի կամ Հենրիխ Մալյանի մասին, որոնց ստեղծագործություններն ու ֆիլմերը կգնահատվեին որպես խորը ռուսամոլության և ՀՀ-ի ինքնիշխանությունը կասակածի տակ դնող և Ստալինի կողմից ձևակերպված հայրենասիրության մոդելի ցցուն օրինակներ, որից այլևս պետք հրաժարվել և այն սևացնել, որովհետև այդ ամենը «Իրական Հայաստանի» նկատմամբ վտանգ է:
P.S. Դուք չեք պատկերացնում այս մարդկանց գիտելիքի, դաստիարակության, արժեհամակարգի, կրթության, տեսածի և իմացածի պակասը որքան տրագիկ կերպով է անդրադարձել հենց իրենց հոգեբանության , բնույթի ձևավորման վրա: Նրանք միշտ ման են եկել մեղավորներ և հովանավորներ: Նրանք վերջապես գտել են և մեղավորներին և հովանավորներին: Ցավոք մեղավորը ամեն հայկականն է, իսկ հովանավորները հայկականության թշնամիները»: