Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ավելի մեծ հակապետական արտահայտություն դժվար է պատկերացնել»․ Վիտալի Մանգասարյան

«Ավելի մեծ հակապետական արտահայտություն դժվար է պատկերացնել»․ Վիտալի Մանգասարյան
136
Այսօր, 12:18

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի վարժապետներ, շնորհավորում եմ ուսուցչի օրվա կապակցությամբ։ Դուք եք մեր ժողովրդի մտքի և հոգու ճարտարապետները։
Սակայն կարծում եմ, որ այս օրը միայն շնորհավորանքի առիթ չէ, այլ նաև խորքային մտորումներ անելու հարմար առիթ։
Պետք է մտածել այն վարժապետների մասին, որոնց նախկին աշակերտները, տարիներ անց տարբեր պետական պաշտոններ ստանալով, իրականացնում են ապազգային գործունեություն։ Պետք է հասկանալ՝ որտեղի՞ց է սկսվել այդ շեղումը, և ովքե՞ր են եղել նրանց ձևավորողները։
Միևնույն ժամանակ, կարծում եմ,որ պետության և երկրին պիտանի մարդկանց վարժապետները պետք է ունենան հատուկ կարգավիճակ, արժանանան լայն հասարակական գնահատանքի և հարգանքի։ Նրանք պետք է դառնան օրինակ՝ թե՛ կրթական, թե՛ բարոյական առումով։ Իսկ նրանց, ովքեր ձևավորել են այն մարդկանց, որոնք վնաս են հասցրել երկրի ազգային անվտանգությանը, պետք է առնվազն ֆիքսել, ուսումնասիրել և հասկանալ պատճառները, որպեսզի նման ռիսկերը հետագայում հնարավոր լինի մեղմել։
Կարծում եմ, մերօրյա իրականության մեջ,երբ «կրթական նորաձևությամբ» փաթեթավորված քարոզվում են տարբեր ապազգային և հակապետական թեզեր, նման հարցերը դառնում են առավել ակտուալ:
Ի դեպ, Հայաստանի ներկայիս ղեկավարը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ «ուսուցիչ կա, որը ցանկանում է դառնալ պարեկ», և դա ներկայացրել էր որպես աննախադեպ ձեռքբերում։ Սակայն իրականում ավելի մեծ հակապետական արտահայտություն, քան վարժապետի առաքելությունը նվազեցնելը մինչև «գայիշնիկի» մակարդակ, դժվար է պատկերացնել։
Թող Ձեր կրթած սերունդները լինեն ազնիվ, մտածող և հայրենիքին նվիրված, քանզի պետության հզորությունը չափվում է ոչ միայն բանակի թվաքանակով,այլ նաև ուսուցչի խոսքի ազդեցությամբ»։