Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլի հայտարարությունն այն մասին է, որ բոլոր հանքերը պետք է իրեն մուծվեն». Կարեն Վրթանեսյան

«Նիկոլի հայտարարությունն այն մասին է, որ բոլոր հանքերը պետք է իրեն մուծվեն». Կարեն Վրթանեսյան
126
Այսօր, 02:06

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ Նիկոլը մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» անունով միջոցառմանը։
Իր ելույթում այսպիսի բան է ասել. «ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին»։
Իրականում սահմանադրության մեջ այս կոնտեքստում միայն պետությունն է հիշատակվում։ Հոդված 10-ի 2րդ կետը. «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»:
Իհարկե, կարելի էր ասել, որ 2րդ հոդվածով էլ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», բայց կարևորագույն մի դետալ կա. Նիկոլի հռետորաբանության «ժողովուրդը» այն նույն ժողովուրդը չէ, որը նշված է սահմանադրության մեջ։
Ցանկացած պոպուլիստ բռնապետ միշտ հղում է անում մի «ժողովրդի», որն, իբր, բոլոր հարցերում իրեն աջակցում է, որովհետև ինքն է «ժողովրդի կամքի» միակ ու անկրկնելի հասկացողն ու իրագործողը։ Սա պոպուլիզմի կլասիկա է։
Բայց բնության մեջ գոյություն չունեն այդպիսի մոնոլիտ՝ բոլոր հարցերում միակարծիք ժողովուրդներ։ Այդպիսի ժողովուրդներ գոյություն ունեն միայն պոպուլիստների ճառերում։
Ու քանի որ Նիկոլը իրեն անընդհատ նույնացնում է ժողովրդի, պետության և կառավարության հետ («ասում ենք ժողովուրդ, հասկանում ենք ինձ և իմ ֆան-ակումբը»), ապա ըստ էության իր հայտարարությունն այն մասին է, որ բոլոր հանքերը պետք է իրեն մուծվեն։
Ասածս հաստատվում է նաև իր այս հայտարարությանն անմիջապես հաջորդած խոսքերով, որ ԶՊՄԿ-ն արդեն իրեն («կառավարությանը») փայ հանել է. «... պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք: Եվ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի Կառավարությունը և ի դեմս Կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարևոր է»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան