Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հայից ձևավորեցին սպառողական էակ՝ անտարբեր ազգայինի նկատմամբ»․ Վահե Լոռենց

«Հայից ձևավորեցին սպառողական էակ՝ անտարբեր ազգայինի նկատմամբ»․ Վահե Լոռենց
135
Այսօր, 04:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ ծննդավայրը՝ Լոռու մարզի Նեղոց գյուղը (Ախթալա քաղաքի թաղամաս էր համարվում), ունի ընդամենը 70 ծուխ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերում, գյուղից տասնյակ (50-60) կամավորներ են մասնակցել պաշտպանական մարտերին։ 15-20 կամավորներ մասնակցել են պատերազմին բուն Արցախում։ Նրանցից մի քանիսը նաև անդամագրվեցին Մահապարտների գնդին։
2020 թվականի պատերազմին գյուղից մասնակցել են երկու պատանիներ, որոնք ժամկետային ծառայության մեջ էին և մեկ կամավոր։
Ստացվում է, որ խորհրդային բռնապետական ռեժիմն ավելի՛ հայրենասեր, ոգով, կամային, արի հայ էր դաստիարակում, քան, նորանկախ Հայաստանի կրթական համակարգը։
Այո՛, կրթական։ Հայրենասիրությունը, հայրենատիրությունը միայն մարդու գենի մեջ չէ, միայն ծնողից չի փոխանցվում։ Նաև պետք է միտքը և հոգի՛ն սնել։ Բայց․ ՀՀ իշխանությունները 1991 թվականից սկսած՝ ամեն բան արեցին և անում են, որ հայը հայից, հայրենիքից հեռու մնա, իր տեսակից հեռու մնա, իր նախնյաց փառքին անհաս լինի։ Հայից ձևավորեցին սպառողական մի էակի, որն անտարբեր է ազգայինի նկատմամբ, ամեն բանում հանդուրժող է, և հայրենիքի, ոգու, արիության, արժանապատվության, պատվի զգացողությունների ընկալումն արդեն այլ են։ Հային կենտրոնացրին իր Եսի վրա։ Իր նյութի՛ վրա։ Ընդհանրական հայրենիքի ընկալում հանրության լայն շերտերում չկա։ Դրանից բխում են այսօրվա մեր էթնոմտածողության և էթնոհոգեբանության մեջ առկա բազում անընդունելի երևույթներ։ Եվ դա մեր դպրոցը, կրթական համակարգը քանդած, ավերած, անձանց մեծագույն «ձեռքբերումն» է։ Թուրքերը պետք է ձեզ սերնդեսերունդ երախտապարտ լինեն»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց