«Անհնարին թվացող գաղափարը մոտ է իրականություն դառնալուն». Էդգար Ղազարյան
112
Այսօր, 11:30
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի ապրիլի 28-ին, երբ մենք Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին նամակներով առաջարկեցինք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ոչ մի պատգամավոր մինչ այդ նման նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ 2025 թվականի մայիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը նախաձեռնեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց՝ վարչապետին պաշտոնի համար առաջադրելով Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ 2025 թվականի հունիսի 6-ին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում ընդգրկված բոլոր պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարտուն Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Տարոն Մարգարյանը և Աննա Մկրտչյանը նախաձեռնեցին վարչապետին անվստահություն հայտնելու մեկ այլ գործընթաց՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրելով Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կազմի մեջ ընդգրկված բոլոր պատգամավորները՝ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Թադևոս Ավետիսյանը, Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Արգիշտի Գևորգյանը, Արմեն Գևորգյանը, Աննա Գրիգորյանը, Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Արթուր Խաչատրյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Գեղամ Մանուկյանը, Մհեր Մելքոնյանը, Պետրոս Մեղրյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արմեն Ռուստամյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, Աղվան Վարդանյանը, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Լևոն Քոչարյանը միացել են «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։ Այսպիսով, 2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում գոյություն ունի վարչապետին անվստահություն հայտնելու երկու նախաձեռնություն, որոնցից մեկին միացել է 2, մյուսին՝ 34 պատգամավոր։ Առաջիկայում «Պատիվ ունեմ» խմբակցությունը պետք է պահանջի համանուն դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված և խմբակցության կազմից դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ նախաձեռնությանը կամ վայր դնել պատգամավորական մանդատը, որից հետո նրան փոխարինող պատգամավորը կարող է միանալ նախաձեռնությանը։ Նույն պահանջը ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պետք է ներկայացնի համանուն դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գեղամ Նազարյանին։ Եթե ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մտադրությունը վարչապետին անվստահություն հայտնելու հարցում ազնիվ է, իսկ նրանց չի հաջողվել մինչ օրս իրենց նախաձեռնության շուրջ համախմբել այլ պատգամավորների, ապա ակնհայտ է, որ նրանք նույնպես պետք է միանան ամենաշատ ստորագրություններ ունեցող նախաձեռնությանը։ Դրա արդյունքում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ունեցող պատգամավորների ընդհանուր թիվը կկազմի 38, ինչը 2-ով ավել է նախաձեռնությանը պաշտոնական ընթացք տալու նվազագույն թվաքանակից և կազմելու է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվաքանակի 35,5%-ը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար այդ դեպքում կպահանջվի լրացուցիչ ընդամենը 16 պատգամավորների քվե, ինչը կազմում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ընդհանուր թվի 23%-ը։ Այդ ուղղությամբ աշխատանքի համար անհրաժեշտություն կլինի Ազգային ժողովում կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, ինչի իրավունքն ունի յուրաքանչյուր պատգամավոր և խորհրդարանական լսումներ, ինչի իրավունք ունի «Հայաստան» խմբակցությունը։ Կարծում եմ առաջիկայում աշխատանքները պետք է իրականացնել այդ ուղղությամբ՝ միաժամանակ ակնկալելով ողջ հասարակության աջակցությունը՝ Ազգային ժողովի առջև խաղաղ անհնազանդության հավաքների կազմակերպման միջոցով։ Դանդաղ ու հաստատուն քայլերով անհնարին թվացող գաղափարը մոտ է իրականություն դառնալուն։ Պետք է լցվել վճռականությամբ և հավատով, ինչի արդյունքում մենք միասնաբար կարող են հաղթել չարիքին ու ազատել մեր երկիրը նրա կեղտոտ և արյունոտ ճիրաններից՝ կանխելով նոր պատերազմները, մարդկային և տարածքային կորուստները՝ Հայաստանի Հանրապետության կործանումը»: