«Հավանաբար Անդրանիկ Քոչարյանը չի կարողացել հիմնական խնդիրը լուծել»․ Հայկ Սահակյան
136
Այսօր, 15:42
«Քաղաքացիական որոշում» դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուրերի խտության մեջ մի շատ կարևոր իրադարձություն կարծես թե կորում էր․ Ուրեմն, Ալենը՝ ՀՀ ԱԺ նախագահս, որոշել ա, որ ինչ որ «օրենքի խախտման» պատճառով արխիվացնել 2020թ․ 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները՝ հանրությանը չներկայացնելով այդ հանձնաժողովի եզրակացությունները։ Շատ խնդալու ա․․․ Ուրեմն, չի կարող մի պաշտոնյա, ցանկացած պաշտոնյա, ով ուզում ա լինի, այդ կարևորագույն հարցի շուրջ այսպիսի հանցավոր որոշում կայացնի։ Մենք քաջ գիտակցում ենք, որ իշխանության կողմից ստեղծված հանձնաժողովի հիմնական խնդիրը եղել է պարտության գործում իրենց մասնակցության մասը հնարավորինս կոծկելը, սեփական թերությունները խմբագրելը, պատմության առաջ պարզերես լինելը, բայց ամենայն հավանականությամբ անգամ Անդրանիկ Քոչարյանը չի կարողացել լուծել այդ մասշտաբի խնդիրը․ հիշեցնեմ պարզապես, որ վերոնշյալ պատգամավորը 2016թ․ քառօրյա պատերազմի հետևանքները «հաջողությամբ արխիվացնելու» մեծ փորձ ունի։ Սակայն, անգամ վստահություն չներշնչող այդ հանձնաժողովի աշխատանքները ՊԵՏՔ Է հրապարակվեն, հանրությունը ՊԻՏԻ տեղյակ լինի պարտության պատճառների մասին, հետևություններ անի, լուծի բացերը, որպեսզի հետո չկրկնի նույն սխալները - սա այնքան պարզ իրողություն է, որ գրելուց անգամ ապշում եմ սրանց լկտիության աստիճանից, լրիվ կապները կորցրել են։ Մենք՝ սույն հարցի կարևորության աստիճանը հասկացողներս, միասին, գեղեցիկ ձևով հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում․ պետք է թույլ չտալ որ մոռացության մատնվի սույն հանցագործ որոշումը։ Ես կառաջարկեի նաև, որ ստեղծվի մեկ այլ հանձնաժողով՝ քաղաքացիական վերահսկողության հանձնաժողով, ովքեր կլինեն ոչ պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, զոհված, անհետ կորած կամ վիրավոր զինվորների հարազատներ, անվտանգության հարցի շուրջ մտահոգ մարդիկ, ովքեր կծանոթանան նյութերին, դրանք կդարձնեն առողջ քննարկման նյութ, խնդիրներ կձևակերպվեն, որի շուրջ էլ համապատասխան մարմինները լուծումներ կառաջարկեն։ Եթե ընդդիմության մեջ կամ անգամ ՔՊ-ի պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, վստահ եմ սույն հարցի նմանատիպ որոշումը իրենց սրտով էլ չի, ուստի պետք է դիմեն քայլերի՝ հրապարակային, թե թաքուն, էդ իրենք գիտեն, բայց անտարբեր լինելը, ծածկադմփոցին համաձայն լինելը ձեզ դարձնելու է հանցակից․ պարոնայք, մի՛ կրեք այդ անբարո քայլի պատասխանատվությունը, թող դատվեն մեղավորները։ Թեման խիստ կարևոր է, այն վերաբերում է յուրաքանչյուրիս, բոլորիս անվտանգությանը, ինչպես նաև՝ մեր երեխաների և հետագա սերունդների անվտանգությանը․ անիմաստ է իներտ գտնվել մի հարցի շուրջ, որից կախված է քո ֆիզիկական գոյությունը»։