Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հայաստանի նախկին ղեկավարները 7 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան Փաշինյան Նիկոլի ֆենոմենը». Կարեն Հեքիմյան

«Հայաստանի նախկին ղեկավարները 7 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացան Փաշինյան Նիկոլի ֆենոմենը». Կարեն Հեքիմյան
166
Երեկ, 21:54

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1960 թվականին 23-ամյա Միխայիլ Տալը հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին և դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն:
Բոտվիննիկը շատ լուրջ գիտնական էր և շախմատը դիտարկում էր իբրև գիտություն: Ականատեսների պնդմամբ, Տալի խաղը հիմնված էր բացառապես չհիմնավորված զոհաբերությունների և ... հիպնոտիկ հայացքի վրա: Օրինակ՝ խաղի ընթացքում Տալը ֆիգուր էր զոհաբերում: Մտածելով, որ դիմացինը լուրջ խաղացող է, Բոտվիննիկն անգամ երկար մտածելուց հետո չէր կարողանում հասկանալ զոհաբերության իմաստը, խառնվում էր, խճճվում էր, սխալ քայլեր էր անում և, ի վերջո, պարտվում էր: Բացի դրանից՝ Տալը յուրաքանչյուր քայլից հետո հիպնոտիկ հայացքով նայում էր ուղիղ Բոտվիննիկի աչքերին: Դա ևս շփոթեցնում էր հանճարեղ շախմատիստին: Բոտվիննիկը պարտվեց, սակայն մեկ տարի շարունակ «մանրադիտակով» վերլուծեց Տալի խաղաոճն ու պահվածքը և մեկ տարի անց ջախջախիչ հաղթանակ տարավ: Բոտվիննիկն արդեն գիտեր, որ Տալի զոհաբերությունները հիմնավոր չեն և միանգամից ընդունում էր դրանք: Ասում են նաև, որ Բոտվիննիկը, Տալի հիպնոտիկ հայացքների «դեմն առնելու» համար, խաղի ընթացքում մուգ ակնոց էր կրում:
Ցավոք, Հայաստանի քաղաքական այրերը՝ նախկին ղեկավարները, 7 տարվա ընթացքում, այդպես էլ չհասկացան Փաշինյան Նիկոլի ֆենոմենը: Չհասկացան, որ վերջինիս խոսքերն ու գործերը հիմնավոր չեն, իսկ ձայնն ու պահվածքը հանրության որոշ շերտերի համար հիպնոտիկ բնույթ են կրում: Հայաստանում չգտնվեց գեթ մեկ Միխայիլ Բոտվիննիկ, թեպետ շախմատիստների և լուրջ գիտնականների պակաս մեր պետությունը չունի:
Ավելին՝ Փաշինյան Նիկոլի հետ մեր «շախմատիստներն ու գիտնականները» չեն ցանկանում նույնիսկ խաղատախտակի շուրջ նստել (բանավիճել): Չեմ ցանկանում մտածել, որ հայաստանյան բոտվիննիկները Փաշինյան Նիկոլի մարզիչներն են: Գիտեմ միայն, որ այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանն այնպես, ինչպես շախմատային ֆիգուր, կզոհաբերվի և վերջ:
Միխայիլ Տալն աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանեց մեկ տարի: Փաշինյան Նիկոլի իշխանության ղեկին է արդեն 7 տարի: Եվ, ո՞վ գիտի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան