Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա․ «Կարճ ասած» Ադրբեջանի նախագահը, Փաշինյանի ներկայությամբ, ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում է, այսպես կոչված, օկուպացիայից Բերձորը ազատագրելու մասին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին խնդրում աջակցել Լաչինը 2025-ին ԱՊՀ մշակութային քաղաք հռչակելուն։ Այդ պետությունների ղեկավարների մոտ կրկին ասում է, որ քեզ հաղթել է ու ասում է, որ քեզնից խլած քաղաքը մշակութային քաղաք կհռչակի։ Մեռնելիք է։ Նիկոլը Շուշին դժբախտ ու դժգույն էր համարում, իսկ Ալիևի համար Լաչինը մշակութային քաղաք է։ Լաչինի ամեն մետրում հայկական հուշարձան կա, բոլորը ոչնչացրել է ու հիմա ասում է՝ ադրբեջանական հնագույն հող է։ Իսկ ելույթում Նիկոլը խոսեց միայն վաշինգթոնյան պայմանավորվածության մասին, վերընթերցեց նախաստորագրված այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» ու ստորագրված՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դրույթները, խոսեց Նախիջևանից Ադրբեջան անխոչընդոտ անցնելու մասին։ Մոտ 10 անգամ ելույթում հիշատակեց Ալմա Աթայի հռչակագիրը։ Հատկապես այս մասը իրոք ծիծաղելի էր։ ԱՊՀ անդամ երկրների մի մասն իրար հետ ունեն սահմանային, տարածքային վեճեր, բայց ոչ մեկը այդ վեճերը լուծելու համար հղում չի անում այդ հռչակագրին։ Բոլորն են հասկանում, որ դա այսօր որևէ նշանակություն չունեցող թուղթ է։ Տաջիկստանն ու Ղրղզստանը երբեք չեն խոսել այդ փաստաթղթի մասին՝ սահմանային վեճերը լուծելու համար, Ռուսաստանն ու ԱՊՀ նախկին անդամ Վրաստանը, երբեք չեն հղում արել այդ Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ էլ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Եվ հիմա, երբ սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ խոսում է մի փաստաթղթի կարևորությունից, որը մյուսների համար զրոյական նշանակություն ունի, ծիծաղի առարկա է դառնում, ինքը իրեն ներկայացնում է հարիֆ։ Նիկոլ Փաշինյանը իր պարտությունը հիմնավորելու համար ինչի ասես հղում կանի՝ առանց վախենալու ծաղրվելուց։ Օրինակ՝ ինչո՞ւ էր կարդում, հատվածաբար ներկայացնում վաշինգթոնյան փաստաթղթի տեքստը, դա հրապարակված է, բոլորը ծանոթացել են, վերընթերցելու իմաստը ո՞րն էր։ Տպավորություն էր, որ խաղաղություն, տարածքային ամբողջականություն բառերն անընդհատ կրկնելով՝ իրեն հույս էր տալիս, հերթական անգամ կամ Ալիևին լսեցնում էր, թե՝ չես հարձակվելու, չէ՞, ստորագրել ենք։ Ալիևը ելույթում էդ փաստաթղթերից չխոսեց, իր համար էլ, ուրեմն, նշանակություն չունեն։ Եթե արդեն խաղաղություն են հաստատել, ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ շեշտում, թե խաղաղություն է․ ուրեմն կասկածում է, չէ՞։ Եվ ճիշտ է անում, որ կասկածում է, որովհետև խաղաղության հոտը ոչ մի տեղից չի գալիս։ Չենք հավատում, ու երկու օր առաջ էլ կատարվեցին բաներ, որոնք դարձյալ ստիպում են չհավատալ։ Ասում են՝ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ջերմ զրուցել են։ Փաշինյանի՝ Ալիևի հետ առաջին հանդիպումն էլ էր, ի դեպ, նույն Դուշանբեում, հայտնի վերելակում, որից հետո սկսեցին բոլոր աղետները։ Հիշում եք, Ալիևը պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ բացահայտում արեց, որ Նիկոլը Դուշանբեում խնդրել է սահմանից չկրակել, մինչև ինքը ներսում իր դիրքերն ամրացնի, հետո Արցախի հարցում մի բան կանեն։ Հիմա՞ ինչ են պայմանավորվել այսօրվա էդ ջերմ զրույցի ընթացքում։ Ալիև-Նիկոլ հանդիպումները, իմ տրամաբանությամբ, էն մակարդակում են, որ առանց բան տալու տեղի չեն ունենում, իր ժամանակը իզուր չի վատնում Ալիևը․ մի բան կտաս՝ կհանդիպեմ։ Կա, չէ՞, նման բան, որ այսինչի հետ ընթրիքն արժե այսքան գումար։ Իսկ քանի՞ քառակուսի կիլոմետր արժե Ալիևի հետ ընթրիքը։ Ադրբեջանի նախագահը օրերս դարձյալ ասում էր՝ իրենք չեն մոռանա նախկին 30 տարին, չեն մոռանա իրենց վրեժը։ Վրեժով խաղաղությունը ո՞րն է։ Վերջին օրերին բազմիցս էր խոսվում ԱՄՆ նախագահի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հավանականության մասին։ Հիշում եք՝ Վաշինգտոնից հետո Ալիևն ու Նիկոլը դիմեցին, որ Թրամփին տրվի այդ մրցանակը․ Թրամփին առաջադրելու առաջարկ արեցին նաև Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան։ Այսօր Օսլոյում հայտարարվեց 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Ու դա Թրամփը չէր։ Թրամփը նեղվել է, թե բա՝ 7 պատերազմ եմ դադարեցրել, ինչո՞ւ ինձ խաղաղության մրցանակը չտվեցիք։ Իսկ ո՞ր պատերազմն է իրոք լիարժեք դադարեցրել, ո՞րտեղ է խաղաղություն, Ռուսաստանի և Ուկրաինայի մի՞ջև, Իրանի ու Իսրայելի մի՞ջև, Իսրայելի ու Պաղեստինի մի՞ջև, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի։ Թրամն ընդամենը ձգձգել է, հետաձգել է, այո, դադարեցրել է, բայց չի ավարտել, չի լուծել։ Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասուլիսում գնահատական տվեց, որ դա խաղաղություն չէ, զինադադար է․ այդ զինադադարը կախված է մեկ մարդու՝ Աիևի ցանկությունից, տրամադրությունից։ Չի կարող ամեն ժամ զինվող Ադրբեջանի ու չզինվող Հայաստանի միջև լինել խաղաղություն, մանավանդ եթե չկա գերտերություն, որը կերաշխավորի այդ խաղաղությունը։ Այսօր երաշխավոր չկա, Ադրբեջանը անընդհատ զինվում է և սպառնալով՝ նախապայմաններ, պահանջներ դնում ու ստանում։ Այսօր բողոքի ակցիա էր Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց։ Տիկին Մարիամը, ում որդին զոհվել է պատերազմում, թոռը՝ անհետ կորել, մյուս որդուն կալանավորել են իշխանությունից պատասխան պահանջելու համար, ասում է՝ ընկել եմ Թումանյանի կկվի օրը, ձագերիս հա տանում են։ Նիկոլի խաղաղությունը այդ ծեր կնոջ երեք ձագերի է տարել, մեկին Եռաբլուր, մյուսին՝ անհայտ, երրորդին՝ բանտ։ Է՛ս ա ձեր խաղաղությունը»։