Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արցախցուն ներկայացրել են որպես պարտված, խղճահար թափառական»․ Արմեն Հովասափյան

«Արցախցուն ներկայացրել են որպես պարտված, խղճահար թափառական»․ Արմեն Հովասափյան
133
Այսօր, 14:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ներկայացրածս նկարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատրաստված տեսանյութերից է, որը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն տրամադրելուն։ Առաջին հայացքից թվում է, թե ներկայացվում է սոցիալական իրազեկում, սակայն խորքային մակարդակում այն կրում է հոգեբանական մանիպուլյացիայի բոլոր տարրերը։
Կադրում երևում է ավերակ տուն և երեք կերպար՝ ծանր բեռներով, գլխիկոր, անդեմ, առանց էության ու ինքնության, որոնք հեռանում են դեպի ձախ։ Այս պարզ թվացող պատկերում կոդավորված է խորը ուղերձ․ արցախցին ներկայացվում է որպես ցուպը ձեռքին պարտված, խղճահար թափառական։
Նման պատկերային հաղորդագրությունները գործում են «25-րդ կադրի» տրամաբանությամբ՝ գիտակցաբար չնկատվող, բայց ենթագիտակցորեն ընկալվող ազդակներով։ Մարդը տեսնում է սոցիալական ծրագիր, սակայն ներսում՝ անկախ իր կամքից, տեսնում է պարտված, դեգերող մարդկանց։ Այդ կերպ ձևավորվում է կոնֆորմիզմի և լատենտության մի դեգեներատ միջավայր, որը հետզհետե վերածվում է հավաքական հոգեբանական կոդի։
Ասածս վկայում են օրվա կառավարիչների հակահայկական քարոզչության ողջ մերկությունն ու «հմայքը»։ Էս «լաքա սիրակները» վաղուց անցել են բաց քարոզչական դաշտից դեպի հոգեբանական՝ պատկերների և խորհրդանշանների միջոցով կառավարելի հասարակություն ձևավորելու փուլ։ Սա մի գործիք է, որին Նիկոլն ու իր շքախումբը տիրապետում են ամբողջովին և կարողանում են էֆեկտիվ աշխատեցնել։
Ի դեպ, եթե չնկատեցիք, ասեմ, որ նյութում օգտագործվում է «Ղարաբաղից» ձևակերպումը, ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», էլ չասեմ «Արցախ»։ Այսինքն՝ այն նույն ձևակերպումը, որը կիրառում են ադրբեջանցիները։ Այլ կերպ ասած՝ ոնց Ալիևն է ասել, Նիկոլը տենց էլ գրել է»։
————————————————————

Նշենք, որ վերոնշյալ կադրի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը գրել է․«ԱՍՀ նախարարության կողմից տեղադրված անիմացիոն հոլովակում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ոչ ճիշտ լույսի ներքո ներկայացնելու փաստի վերաբերյալ նշեմ, որ հոլովակը պատրաստվել է անիմացիոն ծառայություններ մատուցող ընկերության կողմից, և հետագայում մեր կողմից տեղադրվելուց առաջ տվյալ դրվագին պատշաճ ուշադրություն չի դարձվել, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, որոնց հույզերը որևէ կերպով վիրավորել ենք։ Նշված պատկերը որևէ դեպքում չի կարող արտացոլել պետության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամաբ»։
Իսկ արցախցի հանրային գործիչ Լիանա Պետրոսյանը գրել էր․ «Մի շարք հայրենակիցների կողմից արդարացիորեն բարձրաձայնված և որպես վիրավորական ընդունված տեսապատկերը հեռացված է ՀՀ ԱՍՀՆ էջից։
Տեսանյութն այս պահին այլևս հասանելի չէ սոցապ նախարարության Ֆեյսբուքյան էջում։

Հ. Գ. Հուսով ենք՝ գերատեսչության համապատասխան բաժինների աշխատողներն առավել աչալուրջ կլինեն և հետայսու տեղահանվածներիս անձն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներ չեն տեղադրվի»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան