Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնյա երկընտրանքը հատուկ է մտածված». Արման Բաբաջանյան

«Թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնյա երկընտրանքը հատուկ է մտածված». Արման Բաբաջանյան
122
Այսօր, 03:06

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնյա երկընտրանքը հատուկ մտածված և հանրությանը հմտորեն հրամցված կործանարար ծուղակ է․ այն մտածված է մեզ պահելու մշտական վախի, անորոշության և կախվածության հոգեբանության մեջ։ Սա ոչ թե աշխարհաքաղաքական անխուսափելիություն է, այլ մտածողության փակուղի, որտեղ պետականությունն ու կամքը փոխարինվում են ենթակայությամբ։
Իրականում հնարավոր է ամեն ինչ վերադարձնել՝ ազգային արժանապատվությունը, հաղթանակի հավատը, ուժեղ պետության զգացողությունը։ Բայց դրա համար պետք է փոխվի մեր մտածողությունը․ դառնալ նպատակասլաց, գիտելիքահեն, կարգապահ ու ռազմավարական ժողովուրդ՝ որը չի սպասում փրկչի, այլ ինքն է դառնում իր պետության երաշխավորը։
Հայաստանը կարող է վերածվել նոր մակարդակի՝ ռազմավարականացված պետության, որն իր անվտանգությունը կառուցում է տնտեսության, տեխնոլոգիայի ու ինստիտուցիոնալ ուժի վրա։ Պետության, որը կուտակում է կարողություններ, ձևավորում սեփական պաշտպանական հայեցակարգ և անվտանգությունը դիտում է որպես զարգացման շարժիչ ուժ՝ ոչ թե դրա հակադրություն։
Այդպիսի Հայաստանը կլինի հաշվարկող ու վճռական խաղացող, որը առաջնորդվում և գործում է իր ազգային շահով և պետական կամքով։
Ու հենց այդ պահից վերջնականապես կավարտվի վիլայեթների և գուբերնիաների դարաշրջանը։
Հայաստանը լինելու է պետություն՝ իր հողի վրա ամուր կանգնած, արժանապատիվ և ինքնավստահ․ ոչ թե գոյատևող, այլ որոշող, ոչ թե պաշտպանվող, այլ պաշտպանող։ Պետություն, որը գիտի իր արժեքը, իր տեղն ու իր առաքելությունը՝ լինել ազատ, ժողովրդավար, ուժեղ և անփոխարինելի Հայաստանի Հանրապետություն»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան