Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ստիպված ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ ստեղծել»․ Նժդեհ Իսկանդարյան

«Ստիպված ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ ստեղծել»․ Նժդեհ Իսկանդարյան
135
Այսօր, 13:36

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ստիպված են եղել ստեղծելու բարեգործական հիմնադրամ՝ նպատակ ունենալով թեթևացնել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները։ Խոսելով բնակարանային ծրագրի բացթողումներից՝ Իսկանդարյանն ասաց․ «ՀՀ Կառավարությունը մեզ լուծումներ էր խոստացել։ Մեկ ամիս մնացինք Ազատության հրապարկում՝ շատ լավ հասկանալով, որ իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք։ Նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և ամեն ինչ անելու են, որ արցախցիներն արտագաղթեն, քանի որ, եթե մնան, վերադարձի հարցը լինելու է օրակարգում»,- ասաց Իսկանդարյանը՝ նշելով, որ բազմաթիվ արցախցիներ անգամ մնալու տեղ չունեն․ «Հուլիսի 1-ից 40+10 աջակցության ծրագիրը դարձել է 30 000 դրամ, որը գործելու է մինչև տարեվերջ։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Կան անձինք, որոնցից խաբեությամբ գումարներ են հափշտակել, բայց բնակարան չեն տրամադրել։ Ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց խնդիրը Կառավարության կողմից բավարար ուշադրության չի արժանանում»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը կօգնի փոքր-ինչ թեթևացնելու արցախցիների խնդիրները․ «Հիմնական նպատակը արցախցի զոհվածների ընտանիքներին, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն տրամադրելն է, կներառվեն նաև պայթյունի հետևանքով տուժած ընտանիքները»,- ասաց Իսկանդարյանը՝ կոչ անելով հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատար կանգնել։ «Կոչով դիմում եմ նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Վստահ եմ՝ նրանք ունեն այն կապերը, որոնք կարող են նպաստել՝ թեթևացնելու արցախցիների խնդիրները։ Դիմում եմ մեր հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, այն գործարարներին, ովքեր բիզնեսներ են ունեցել Արցախում, կանգնել արցախցիների կողքին»,- ասաց Իսկանդարյանը։

Նժդեհ Իսկանդարյանի ասուլիսը