Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կտրիճ Ներսիսյանը պիտի մեղադրեր Ռոբերտ Քոչարյանին, չէ՞»․ Ռուբեն Ռուբինյան

«Կտրիճ Ներսիսյանը պիտի մեղադրեր Ռոբերտ Քոչարյանին, չէ՞»․ Ռուբեն Ռուբինյան
96
Այսօր, 16:30

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին ամիսներին, շուրջ մեկ միլիոն դոլարի հափշտակության գործով ձերբակալվեց և կալանավորվեց ՀԱԵ Արմավիրի թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս սրան արձագանքեց Կտրիճ Ներսիսյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան անունով: Վստահաբար, պիտի Քոչարյանին մեղադրեր Եկեղեցու դեմ սկսած արշավի, հակաքրիստոնեականության, շինծու մեղադրանքներ սարքելու և այլ տարատեսակ ապազգային մեղքերի մեջ, չէ՞:
Չէ:
Փոխարենը Ներսիսյանն արձագանքեց այսպես.
«Ասողիկ սրբազանի հետ առնչված այդ խնդիրը մեծ ցավ, հուզում պատճառեց և եկեղեցու հոգևորականությանը, և իր ժողովրդին։ Սուրբ Էջմիածինը, բնականաբար, հետաքրքրվում է, իշխանության համապատասխան մարմինների հետ հարաբերությունների մեջ մտել է։ Որոշակի տեղեկություններ ունենք, որոնք, սակայն, վերջնական ու ամբողջական չեն։ Լիարժեքորեն ճշմարտությանը չի կարելի տիրապետել, մինչ խնդիրը դատաքննության ընթացքի մեջ է։ Եվ այդ առումով էլ վերջնական դիրքորոշում չի կարող լինել մինչև դատավարությունը։ Խնդրի մասին զեկուցվել է Վեհափառ հայրապետին։ Նա հատուկ մի մարմին է նշանակել հոգևորականներից և Գերագույն մարմնի մեջ մտնող աշխարհիկ անդամներից բաղկացած, որոնք պիտի հետամուտ լինեն խնդրին, և եթե հնարավոր է, փորձեն մինչ դատավարությունը Ասողիկ սրբազանին երաշխավորությամբ ազատել կալանքից։ Դատավարությունից հետո, եթե պարզվի, որ Ասողիկ սրբազանն անմեղ է, պետական համապատասխան մարմինները հետամուտ կլինեն պարտավորություն վերցնել իրենց վրա՝ վերականգնելու անձի հեղինակությունը։ Իսկ եթե հանցավոր նկատվեց, այդ դեպքում, եկեղեցական կանոնների համաձայն, մեղքի աստիճանից կախված, Մայր Աթոռն իր դիրքորոշումը կճշտի՝ պատժից մինչև հեռացում եկեղեցական ասպարեզից»։
Ինչպիսի հեզություն, կոռեկտություն և հավատ առ քոչարյանական իրավապահ մարմիններ:
1999 թվականին Ներսիսյանը, չլինելով կուսակրոն, ընտրվեց կաթողիկոս:
2001 թվականին Ասողիկ սրբազանը դատարանի վճռով արդարացվեց:
2008 թվականին Ասողիկ սրբազանը «սեփական դիմումի հիման վրա» կարգալույծ արվեց:
2020 թվականին Կտրիճ Ներսիսյանը կոչ արեց ազատ արձակել կալանքի մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Կովիդ-19 համավարակ էր:
Իսկ կովիդը Հայաստանի բոլոր կալանավորներից սպառնում էր, իհարկե, միայն Քոչարյանին: Եպիսկոպոս անտեղի տեղը չկալանավորող Քոչարյանին: Ազգային Քոչարյանին: Սուրբ Քոչարյանին»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան