Վեհափառին կկալանավորե՞ն, թե՞ կդրդեն հրաժարականի․ «Հրապարակ»
![]() 163 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների դեմ Փաշինյանի սանձազերծած պատերազմը մոտենում է վճռական փուլին։ Նախորդ օրը իշխանական աղբյուրները հայտնել էին, որ մինչև Էջմիածնի ՏԻՄ ընտրությունները լուծելու են Վեհափառի հարցը, և երեկ պարզ դարձավ, թե ինչ սցենարով։ Հոգեւորականների ձերբակալություններից ու Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումից մեկ օր անց՝ երեկ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը հրապարակեց ձայնագրություն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թ. հոկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից։ Ընդ որում՝ լրատվամիջոցը գրել էր, թե իբր համացանցում է տարածվել, մինչդեռ ֆեյք օգտատիրոջ միջոցով տարածել էին, ապա առաջինը տեղադրել հիշյալ կայքում։ Աղան աբեղան Եկեղեցու դեմ ելած երկրորդ հոգեւորականն է, Արամից բացի: Զրույցում նախկին գավազանակիրը բողոքում է, որ իրեն վատ տեղ են ուղարկել ծառայելու, և Վեհափառն իրեն ասել է. «Ընտանիքիդ վերցրու, գնա՝ Նիկոլի դեմ ցույց արա... Նիկոլը մեղքի խորհրդանիշ է»։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ գլխավոր դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Ուշագրավ է, որ 2023 թվականը միտինգների առումով ամենապասիվ տարին է եղել, եւ մեկ-երկու հանրահավաք կազմակերպել է «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ Արցախի հայաթափման օրերին՝ սեպտեմբերին։ Այդուհանդերձ, Էջմիածինն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որով չհերքեցին, որ նման խոսակցություն կայացել է, սակայն շեշտեցին․ «Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է՝ վարկաբեկել եւ թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները, հույս ունենք, համարժեք արձագանք կտան»։ Մենք տեղեկացանք, որ երեկվանից ընդդիմադիր ուժերը փորձում են բարձրաստիճան հոգեւորականների հետ ճշգրտումներ անել՝ ինչպես կարող են խոչընդոտել Վեհափառի եւ Էջմիածնի դեմ հարձակումը, թույլ չտալ, որ նրան էլ բերման ենթարկեն, քանի որ Մայր Աթոռից Միքայել Աջապահյանին ժամեր շարունակ մարդկանց հոծ բազմությունը թույլ չէր տալիս բերման ենթարկել, և իրավիճակը հանգուցալուծվեց միայն այն ժամանակ, երբ կաթողիկոսի հորդորով Աջապահյանը հանձնվեց։ Վեհափառը, մեր տեղեկություններով, իր գավազանակիրների միջոցով փոխանցել է, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել, հատկապես, որ դասական առումով այլևս գրոհ չի լինելու, իրենց ետևից իրավապահներն են գնալու։ ՀԱԵ-ում կարծում են, որ եթե նախկինում Վեհափառի՝ Մայր Աթոռում գտնվելու դեպքում միայն կարելի էր «սպասել» իշխանության գրոհին, ապա հիմա ամեն վայրկյան պետք է սպասել «անցանկալի հյուրերի»՝ դիմակավորված կամ բաց դեմքերով օպերատիվ աշխատողների, որոնք 37 թվի ոգով կարող են գնալ ցանկացած անձի ետևից։ Իշխանական շրջանակներից էլ տեղեկացանք, որ չի բացառվում՝ մինչև Վեհափառին հասնելը գուցե Մայր Աթոռի այլ առանցքային հոգևորականներ ևս կալանավորվեն, որ Եկեղեցու կառավարումը կաթվածահար լինի, և Գարեգին Բ-ն ինքնակամ հրաժարվի աթոռից, քանի որ կալանքը չի ենթադրում տիտղոսազրկում․ եթե անգամ նրան ձերբակալեն, նա բանտում էլ կշարունակի լինել Հայոց կաթողիկոս։ Oրեր առաջ կաթողիկոսի քրոջ որդուն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Հովհաննավանքի հոգեւոր հովիվ տեր Արամի ցուցմունքով կալանավորեցին ճիշտ նույն մեղադրանքով, որը հիմա նախապատրաստում են Վեհափառի համար։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով: Ուշագրավ է, որ անգամ այս պայմաններում Եկեղեցին երեկ էլ մնաց «կառուցողական դաշտում» եւ կտրուկ քայլերի չգնաց: Եկեղեցու մի քանի սպասավորներ ընդամենը հայտարարություններ, գրառումներ արեցին, որ 2018 թվականին եւս մասնակցել են հեղափոխական միտինգներին։ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, օրինակ, հայտարարություն էր տարածել ու պատմել 2018-ի մայիսի 20-ին աթոռանիստում տիրող տրամադրությունների եւ հանրահավաք գործուղվելու մասին։ «Այդ օրը ներկայիս իշխանության ներկայացուցիչները փողոցում էին եւ ընդդիմադիր ցույց էին անցկացնում։ Քանի որ օրը կիրակի էր, ես հոգեւոր եղբայրներիս հետ քայլում էի դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Պատարագին մասնակցելու համար։ Նոր էինք մտել Տաճար, երբ հանկարծ ներս մտավ Վեհի գավազանակիրը՝ ինձ եւ մի քանի հոգեւոր եղբայրներիս շտապ հրավիրելով Վեհարան՝ Հայրապետի մոտ։ Երբ ներս մտանք, Հայոց Հայրապետը նորություններով անհանգստությամբ հետեւում էր փողոցում տեղի ունեցող իրադարձություններին։ Ն. Փաշինյանին ձերբակալել էին, եւ ցուցարարները վրդովված ու շիկացած մթնոլորտում այս ու այն կողմ էին քայլում՝ պատրաստվելով տեղափոխվել Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջեւ՝ Ն. Փաշինյանին ազատելու պահանջով, քանի որ լուր էր տարածվել, թե վերջինս այնտեղ է ձերբակալված։ Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ էր, իսկ Վեհը՝ մտահոգ՝ ցուցարարների և ոստիկանների պոտենցիալ բախման վտանգով։ Հայրապետը՝ որպես բոլորի հոգեւոր հայր, անհանգստությամբ խոսելով իրավիճակի մասին, նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու բախում եւ արյունահեղություն ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ Այդ պահին միմյանց նայելով՝ միաբան եղբայրներով մտքեր փոխանակեցինք, և Հայոց Հայրապետին ասացի․ «Վեհափառ, ուրեմն ինչո՞ւ ենք սպասում, հապաղում ենք»։ Եվ արագ ուղեւորվեցինք ցուցարարների մոտ»»։ |
«Ակնհայտ ապօրինի ու կամայական հաշվեհարդար է»․ Միքայել Նահապետյան
4811:06«Գարեգին Բ-ն պետք է աթոռակալի ցմահ»․ Մենուա Սողոմոնյան
6710:54«Հաստատվեց․ իշխանությունը հանցավոր եղանակով գաղտնալսել է բոլորիս»․ Արսեն Բաբայան
10810:18Բյուրեղավանի փոխքաղաքապետը և ավագանու անդամը ծեծել են իրար․ կան ձերբակալվածներ
12009:48Մասիս Մելքոնյանն սպիտակ ագռավի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
10209:12Ալեքսանդր Կոչուբաևին մեքենայում բռնության են ենթարկել․ «Հրապարակ»
11209:06Վեհափառին կկալանավորե՞ն, թե՞ կդրդեն հրաժարականի․ «Հրապարակ»
16209:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:24