«Փաստերը սրանք են, մնացածը քաղաքական նախասիրության հարց է». Մհեր Հակոբյան
184
Այսօր, 18:54
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես իհարկե հասկանում եմ հոգևորականի հետ կապված իրավիճակի քաղաքական աստառը, բայց փաստերն անտեսել որևէ կերպ ևս չարժե։ Փաստերը սրանք են. 1. ՀԱԵ-ն միապետական բնույթ ունեցող հիերարխիկ կրոնական կառուց է, որի ղեկավարը սահմանում է կառույցի գործունեության կանոնները։ Այսինքն՝ նա է որոշում նաև, թե ով կարող է լինել հոգևորական, այդ անձը ինչ հատկանիշներ պետք է ունենա և ով չի կարող լինել հոգևորական, 2. ՀԱԵ-ն ունի իր սեփականությունը, որի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը որոշում է ՀԱԵ միիշխան ղեկավարը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այսինքն, ինչպես ՀՀ գրանցված ցանկացած այլ կրոնական կառուց, այնպես էլ ՀԱԵ-ն ու նրա ղեկավարը կարող են պահանջել, որ որևէ անձ, այդ թվում նաև կառույցի նախկին հոգևոր սպասավորը, մուտք չունենա այդ սեփականություն, 3. Պետությունն առանձնացված է եկեղեցուց, այս մասին շատ ենք խոսել և սա չի վիճարկվում։ Այսինքն, ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ ՀԱԵ նկատմամբ իր վերաբերմունքը կարող է արտահայտել՝ որպես մասնավոր անձ, ոչ երբեք՝ որպես պաշտոնատար անձ, 4. ՀԱԵ-ն՝ որպես կրոնական կառույց, ինքն է որոշում բոլոր հարցերը՝ կապված այդ թվում նաև և′ իր ղեկավարության, և′ սպասավորների, և′ հավատավոր հոտի հետ, 5. Որպես հետևանք, եթե որևէ պաշտոնատար անձ, գործելով ոչ որպես պաշտոնյա, վիրավորում է ՀԱԵ ղեկավար կաթողիկոսին կամ չի ընդունում նրա այդ կարգավիճակը, ապա իրեն դուրս է դնում ՀԱԵ կարգավորումներից՝ կրոնական և վարչական մակարդակում։ Քրիստոնեական հավատքը կոչ է անում ներել, բայց նաև բազում են նախադեպերը, երբ անձը նզովվում է և հեռացվում եկեղեցուց, 6. Իր հերթին, սակայն նախորդ կետում նշված անձը նաև իրավունք չունի կարծիք արտահայտելու ՀԱԵ ղեկավարության կամ նրա հավատքի հետ կապված ցանկացած հարցի շուրջ։ Ինչպես ես, օրինակ, չլինելով Եհովայի վկա, իրավունք չունեմ կարծիք հայտնելու կամ, ավելին, հավակնելու, որ այն կյանքի կոչվի այնպիսի հարցերի կապակցությամբ, ինչպիսիք Եհովայի վկաների ղեկավարի ով լինելը, նրանց հավատո հանգանակը, կրոնական ծեսերը, դրանց մասնակցելու կարգը և այլն։ Փաստերը սրանք են։ Մնացածը քաղաքական նախասիրության հարց է»։