«Ընտրություններին ընդառաջ տեղեկատվական դաշտը կլցվի թուրք-ադրբեջանական իբր խաղաղասիրական փիառով». Արմեն Աբովյան
137
Այսօր, 01:12
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանն ու Թուրքիան զուգահեռ սկսել են, իբր, «խաղաղասիրական» քարոզչության նոր փուլը հայկական տեղեկատվական դաշտում։ Նպատակն ակնհայտ է՝ աջակցել ՀՀ իշխանություններրին տեղեկատվական դաշտում, այսպես կոչված, «խաղաղության» կոնտեքստում, որպեսզի ներկայիս հայաստանյան իշխանությունները պահպանվեն իշխանության ղեկին 2026 թվականից հետո։ Սցենարը պարզ է և թափանցիկ։ Թուրքերը և ադրբեջանցիները պետք է ցուցադրական քայլեր կատարեն, որոնք հայկական հասարակության մեջ պետք է ամրապնդեն այն սուտ թեզերը իբր «խաղաղությունն արդեն հաստատվել է», «պատերազմների դարաշրջանն անցյալում է», «ամեն ինչ կարգավորված է» և այժմ ժամանակն է «խաղաղ ապրելու»։ Եվ ահա՝ այս տրամաբանության ներքո Իլհամ Ալիևը հանդես է գալիս բարձրագոչ հայտարարությամբ, որտեղ նշում է, քանզի «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», ապա այժմ Ադրբեջանը «վերականգնում է իր տարածքով բեռնափոխադրումների տրանզիտը դեպի Հայաստան»։ Առաջին հայացքից՝ դրական գործընթաց է, սակայն ոչ մի դրական բան հայկական կողմի համար չկա, քանզի իրականում, գետնի վրա հայկական կողմի համար, ըստ էության, ինչ-որ էական բան չի փոխվում։ Սակայն երբ մենք խոսում ենք փիառ բաղադրիչի մասին, ապա այս դրվագը ՀՀ իշխանությունները ուղղակի ցնծությամբ են ներկայացնում հպարտ քաղաքացիներին։ Պետք է շատ ուղիղ և պարզ հասկանալ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի ներկայիս հայաստանյան իշխանությունների պահպանումը։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք այս իշխանության մեջ տեսնում են պատմական հնարավորություն՝ վերջնականապես փակելու հայկական էթնո-քաղաքական տարրի գոյության հարցը Հարավային Կովկասում։ Ներկա իշխանությունը նրանց համար իդեալական գործընկեր է՝ կախյալ, թույլ, անսկզբոււնք և արտաքին շահերին ծառայող։ Եվ որպեսզի այս իշխանությունը կարողանա պահպանվել, անհրաժեշտ է միայն մեկ բան՝ տաք-տաք պահել «խաղաղության հաստատման» առասպելը մինչև 2026 թվականի ընտրությունների ավարտը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ պատրաստակամորեն ստանձնել է այդ պարտականությունը։ Ինչպե՞ս է դա արվում։ Շատ պարզ՝ հայտարարություններով, ցուցադրական և «PR» քայլերով, որոնք ստեղծում են «բարեկամության» և «խաղաղ համակեցության» պատրանք։ Ենթադրյալ քայլերից կարող են լինել հետևյալ գործողությունները․ Թուրքիան հանկարծ կհայտարարի Հայաստանի երկաթուղային հաղորդակցության «վերականգնման» գործընթացի մեկնարկի մասին կամ մասնակի կբացի հայ-թուրքական սահմանը։ Ադրբեջանը ժամանակավորապես կնվազեցնի հակահայ հռետորաբանությունը։ Տարատեսակ «խաղաղասիրական» ցուցադրական ժեստեր կանի։ Կսկսվեն եռակողմ ֆորմատով Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հաճախակի հանդիպումներ։ Մի խոսքով տեղեկատվական դաշտը կլցվի թուրք-ադրբեջանական իբր խաղաղասիրական փիառով։ Եվ երբ ընտրությունները մոտենան, ականատես կլինենք թուրքական «մեծահոգության» տարատեսակ ժեստերի՝ օրինակ՝ մի քանի հայ ռազմագերու ազատ արձակման։ Իմիջիայլոց, մեր գերիներին պահում են հենց նրա համար, որ հետո այդ քայլը «վաճառեն» հայ ընտրողին որպես «իշխանության դիվանագիտական ձեռքբերում» և ադրբեջանցիների «բարեկամական քայլերի» ապացույց։ Այս բոլոր քայլերն ուղղված են մեկ նպատակին՝ բարձրացնել իշխանական թիմի վարկանիշը և պահել նրանց իշխանության ղեկին՝ ցանկացած գնով։ Բայց այս «խաղաղության քայլերը» կավարտվեն հենց ընտրությունների հաջորդ օրը։ Այնուհետև կսկսվի սցենարի վերջնական փուլը՝ Սահմանադրության ոչնչացումը և Հայաստանի վերածումը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի»՝ քաղաքական կառուցվածքի, որն, ամենայն հավանականությամբ, կկոչվի Չորրորդ Հանրապետություն։ Ահա այսպիսին է իրական պատկերը առաջիկա ամիսների համար»։