«Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը». Սուրեն Սուրենյանց
122
Այսօր, 09:06
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական իշխանության քաղաքական վարքագծի բաց ցուցիչ, որը ցույց տվեց գործող մոդելի էությունը՝ Փաշինյանն իրեն վեր դասում է օրենքից և ինստիտուտներից։ Սարսափելի է պատկերացնել, որ պետության ղեկավարը մասնակցում է ապօրինի հավաքի՝ դառնալով վտանգավոր նախադեպի «ճարտարապետ»: Տեր Արամ Ասատրյանը կարգալույծ է հռչակված, և նրա մատուցած պատարագը Եկեղեցու կողմից չի ճանաչվել։ Փաշինյանը՝ իր ներկայությամբ, փաստացի վավերացրեց անօրինականությունը, դրանով ցույց տալով, որ քաղաքական նպատակահարմարությունը իր համար գերակա է սահմանադրական կարգի նկատմամբ։ Այս վարքագիծը ևս մեկ անգամ հաստատեց իշխանության ձևավորված տրամաբանությունը՝ երբ ինստիտուտը չի ենթարկվում, այն ապալեգիտիմացվում է կամ ենթարկվում ճնշման։ Արդյունքում՝ մենք ականատես ենք լինում ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացի, որի նպատակը իշխանության ամբողջական վերահսկողության հաստատումն է։ Չնայած վարչական և քարոզչական ռեսուրսների գռեհիկ կիրառմանը՝ Հովհաննավանքում համախմբվել էր առավելագույնը մի քանի հարյուր մարդ։ Սա խոսուն ցուցանիշ է իշխանության իրական քաղաքական հենարանի մասին։ Հակաեկեղեցական քաղաքականությունը, որը փորձում են ներկայացնել որպես գաղափարական ուղղություն, չունի հասարակական լեգիտիմություն։ Իշխանությունը գործում է առանց արժեքային, սոցիալական հենարանի՝ հիմնվելով միայն վարչական ճնշման և մեդիա-մանիպուլյացիայի վրա։ Նման իրավիճակում խելամիտ իշխանությունը կհրաժարվեր իր քաղաքականությունից, բայց այս դասը Փաշինյանի համար չէ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել էր. «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»։ Այս հայտարարությամբ Փաշինյանը փաստացի հայտարարել է իր քաղաքական ծրագրի նոր փուլը, որի էությունը Մայր Աթոռի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատումն է։ Նրա գործողությունները ցույց են տալիս՝ ձևավորվում է աղանդավորական բնույթի իշխանական համակարգ, որը հիմնված է ոչ թե գաղափարների, այլ ենթակայության և վերահսկման վրա։ Այդ համակարգը հենվում է երեք բաղադրիչի վրա. ● արտաքին աջակցություն (Արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան), ● հասարակական դիմադրության պասիվություն, ● ռեպրեսիվ ճնշումների շարունակական կիրառում։ Փաստացի ձևավորվում է իշխանության մոդել, որը ձգտում է ընդլայնել պետական վերահսկողությունը՝ ներառելով կյանքի բոլոր ոլորտները: Եթե ընդդիմությունը չձևավորի իր ասիմետրիկ հակաքայլերը և չկարողանա բարձրացնել հասարակության քաղաքական սուբյեկտայնությունը, ապա Փաշինյանի, այսպես կոչված, «գործնական փուլը» կարող է վերաճել Կաթողիկոսի դեմ քրեական գործի(կալանքի) և Մայր Աթոռի դեմ ուղղված կազմակերպված ռեպրեսիվ «ռեյդի»։ Երբ իշխանությունը վերածվում է տոտալիտար համակարգի, պետությունը կորցնում է իր բովանդակությունը»: