Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ ուղղված ահաբեկչական ոճրագործություն էր»․ Արման Թաթոյան

«Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ ուղղված ահաբեկչական ոճրագործություն էր»․ Արման Թաթոյան
101
Այսօր, 10:42

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։
Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ ուղղված ահաբեկչական ոճրագործություն էր։
Այն հարված էր մեր ժողովրդի միասնությանը, պետական ինստիտուտներին և արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատին։
Այդ օրը սպանվեցին մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին Հայաստանի կայացման, մեր հասարակության առաջընթացի և խաղաղության գաղափարին։
Այսօր՝ քսանվեց տարի անց, մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել, այլև խոսել այդ ոճրագործության սարսափելի հետևանքների մասին, այն երբեք չպետք է մոռացվի։
Որևէ հասարակություն չի կարող ուժեղ լինել, եթե արդարությունը մնում է ոտնահարված, իսկ պատասխանատվությունը՝ անավարտ։
Հոկտեմբերի 27-ը մեզ հիշեցնում է, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ, որ ծառայությունը ժողովրդին իշխանությունից վեր է, որ քաղաքականությունը երբեք չպետք է վերածվի անձնական հաշվեհարդարի կամ վախի միջավայրի։
Այսօր հիշում ենք Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին՝ պետական մտածողությամբ, արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ մարդկանց։
Նրանց հիշատակն առ այսօր մեզ պարտավորեցնում է․
վերականգնել հավատը պետականության նկատմամբ, միասնաբար կառուցել ազատ և արդար Հայաստան, որտեղ իշխանությունը հաշվետու է, իսկ մարդու արժանապատվությունը՝ անսակարկելի։
Հավերժ հիշատակ բոլոր նահատակներին»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան