Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հովհաննավանքում հերթական հատուկ գործողությունն էր»․ Հայկ Դեմոյան

«Հովհաննավանքում հերթական հատուկ գործողությունն էր»․ Հայկ Դեմոյան
139
Այսօր, 13:48

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում
Ես Հայ առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, կամ որևէ այլ եկեղեցական սպասավորի պաշտպանելու խնդիր չունեմ: Այո, ես գտնում եմ, որ եկեղեցու ներսում կան բազում խնդիրներ, բայց դրա լուծումները պետք է գտնի հենց եկեղեցին՝ հանրային բաց ու թափանցիկ աջակցության պայմաններում: Չկա որևէ մարդ կամ հաստատություն, որը 100 տոկոսով ճիշտ ու անսխալական է:
Ես մի խնդիր ունեմ միայն. պահել ու պահպանել հայկական ժառանգությունը, հիշողությունն ու դրանց վրա խարսխված ազգային արժանապատվությունը: Ինձ համար տարբերություն չկա Ծիծեռնակաբերդն են պղծում, թե Հովհաննավանքը: Երկուսն էլ ինձ համար սուրբ վայրեր են: Մեկ ամիս առաջ պղծեցին Ծիծեռնակաբերդը, երեկ այդ բախտին արժանացավ Հովհաննավանքը: Վաղը դա կարող է լինել Սարդարապատը: Դա էլ շատ տրամաբանական ու կանխատեսելի է:
Ես ուժի մեջ եմ համարում երկու կաթողիկոսներին՝ Ծիծեռնակաբերդը պղծած ու Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից Մայր Աթոռի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիներին Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ հետ կանչելու կոչը: Այդ կոչն առավել քան հիմնավոր ու տրամաբանական է: Այս կապակցությամբ տակավին որևէ զարգացում տեղի չի ունեցել: Ես դա համարում եմ առնվազն կասկածելի:
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հովհաննավանքում, հերթական մանիպուլատիվ գործողություն էր, կամ ավելի շուտ օրացույցային հերթական հատուկ գործողությունը՝ որտեղ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Ասատրյանն ու մեծ բեմադրության մասնակիցները (հատկապես սև ակնոցներ կրողները), ընդամենը խաղարկում ու սպասարկում էին օրակարգային մեկ գլխավոր հարց. ինչպես սղացնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության հնգամյակն ու դրա հետ կապված լրջագույն հարցադրումները՝ որտե՞ղ է Արցախն ու արցախահայությունը, որտե՞ղ են ռուս խաղապահները, որտե՞ղ է Լաչինի միջանցքն ու հայ բնակչության անվտանգությունը:
Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնք շատ լուրջ պատասխաններ են պահանջում: Մինսկի խմբի կազմալուծումից ու տեղի ունեցած ցեղասպանության մեջ հանցակցության ինքնախոստովանանքից հետո, ենթադրում եմ, որ Փաշինյանն իրեն սպասարկող արբանյակներով կլծվեն հիմնավորելու այն թեզը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս կտրվել է խաղաղության պայմանագրով ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ կուտեն այդ լափշան ու ուտելու ընթացքում էլ դրա մի մասը կկախեն իրենց ու հավատացողների ականջներից:
Նոյեմբերի 9-ի չկատարված պարտավորությունները պետք է արագորեն ու աննկատ հաղթահավրեն ու մոռացության տրվեն բոլոր հնարավոր միջոցներով: Դե իսկ հանրային զգոնությունն ու ուշադրությունը շեղելու գործում գրոսմայստերներ շատ ունենք: Մեր չկայացած պետականությունը տակավին կենդանության նշաններ է ցույց տալիս այդ ցածրակարգ ու միջակ ուղեղի արգասիք հանդիսացող այդպիսի հատուկ գործողություններով:
Սա է խաղարկվում ընդամենը, որից հետո կսկվի գալա-բեմադրությունը՝ «ազատ ու թափանցիկ ընտրություններ» խորագրով:
Հ.Գ Այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ կարգալույծ եղած քահանայի եղբայրն հենց երեկ Մայր Աթոռում հայտնվեց տեսադաշտում ու բացասական բնութագիր տվեց իր եղբոր վարքագծին:
Հ.Հ.Գ. Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի ևս մասնակցելու է պատարագի՝ կարգալույծ եղած քահանայի մասնակցությամբ: Ես կվերագրեի դա, պարտության ու ֆիասկոյի գիտակցմանը, երեկ Հովհաննավանքում շատ քիչ մարդկանց մասնակցությունը հաշվի առնելով: Սակայն հակված եմ կարծելու, որ նոյեմբերի 9-ից «Ստեփան Ասատրյան» օպերացիան կկորցնի իր օրացույցային արդիականությունն ու նշանակությունը»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան