«Անհրաժեշտ է վերջ տալ միմյանց գործերին միջամտելու արատավոր պրակտիկան»․ Թաթուլ Հակոբյան
122
Այսօր, 09:36
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե հայերն ու թուրքերը, հայերն ու ադրբեջանցիները միմյանց ձեռք են սեղմում, ժպտում տեսախցիկների առաջ, խաղաղության ու հաշտության տեքստեր շռայլում, ապա ի՞նչն է խանգարում, որ նույնն անեն նաև հայերը և մյուս հայերը, այն է՝ ՀՀ իշխանություններն ու Մայր Աթոռը: Միջնորդներ պետք չեն, անհրաժեշտ է վերջ տալ փոխադարձաբար միմյանց գործերին միջամտելու արատավոր պրակտիկան, թշնամանք պարունակող տեքստերը, և ժամանակը արդեն թույլ կտա խոսելու իշխանություններ-Մայր Աթոռ տանելի հարաբերությունների մասին: Հովհաննավանքի աշխարհիկ ձեռնարկից հետո նկատեցի, որ Մայր Աթոռի թեմերից մեկի առաջնորդը մասնակցել է քաղաքական միջոցառման՝ կանգնելով ընդդիմության կողքին: Սա այն անթույլատրելի կետն է, որից և սկիզբ է առել իշխանություններ-Մայր Աթոռ բախումը՝ վերածվելով ատելության պայքարի նաև: Մայր Աթոռը և մեր մյուս երեք նվիրապետական աթոռներից ոչ մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Պոլսո պատրիարքությունները, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ: Ճիշտ նույն սկզբունքով՝ վարչապետ Փաշինյանը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԵՌԱՑՆԵԼ՝ ՓՈՂՈՑ ՀԱՆԵԼՈՎ ՈՍՏԻԿԱՆԱՆԱԿԱՆ և ԱՆՎՏԱՆԳՍՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐ: Այսօր բոլորս քաղաքականացված ենք, բայց կանցնեն տարիներ ու սերունդները այլ տեսանկյունից կնայեն կատարվածին: Որ, օրինակ. Հայ հոգևորականներ են եղել ԱԱԾ նկուղում, ինչպես Ստալինի տարիներին, Հայ հոգևորականը թողել է թեմը և իշխանափոխության փորձ արել... Թվում է, Փաշինյանը այնքան է գրել Ամենայն Հայոցի հեռացման մասին, որ չի կարող այլևս հետքայլ կատարել: Գուցե այդպես է, բայց նույն Փաշինյանը 180 աստիճանով հետքայլ է կատարել իր իսկ բազում խոստումներից, ինչպես՝ Արցախը Հայաստան է և վերջ - Արցախը Ադրբեջան է և վերջ... Կասկած չունեմ, որ իշխանությունները Հովհաննավանքում պարբերաբար միջոցառումններ են կազմակերպելու՝ ծափերի ու ծունկի գալու ցուցադրական արարներով... Ինչպես ավելի վաղ եմ գրել՝ Հովհաննավանքը շարունակելու է մնալ Մայր Աթոռի բալանսում և եթե անգամ հակաթոռ կաթողիկոսություն ստեղվի, ինչի հավանականությունը մեծ չեմ համարում, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ամեն բան իր տեղն է ընկնելու: Շատ կարևոր է, որ Մայր Աթոռը վերջ տա ներքաղաքական, կուսակցական միջոցառումներին մասնակցելու վերջին տարիների գործունեությունը և ամբողջովին կենտրոնանա հոգևոր խնդիրների վրա՝ անպայմանորեն հրավիրելով Ազգային եկեղեցական ժողով: Եթե մեր հոգևոր հայրերը շարունակեն երկիրը փրկել Նիկոլ Փաշինյանից, ապա իշխանությունները շարունակելու են եկեղեցին փրկել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից»: