Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Տիկին Գալյան, անկառավարելի իրավիճակ է ՔԿՀ-ներում»․ Զարուհի Փոստանջյան

«Տիկին Գալյան, անկառավարելի իրավիճակ է ՔԿՀ-ներում»․ Զարուհի Փոստանջյան
103
Այսօր, 10:00

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարի լույս տիկին Գալյան,
Ձեր կողմից ղեկավարվող հիմնարակները՝ մասնավորապես կալանավայրերը գտնվում են անմխիթար վիճակում:
Կալանավայրերի գործունեության բազմաշերտ և բազմակողմ գնահատմամբ գալիս ենք եզրահանգման, որ սարսափելի անկառավարելի իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում:
Հայաստանի Հանրապետության կալանավայրերը գեր ծանրաբեռնված են կալանավորներով:
Հայաստանի Հանրապետության կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել:
Երեկ՝ 29.10.2025 թվականին ժամը 20:00-ից մինչև 22:45 ես գտնվել եմ հերթի մեջ որպեսզի կարողանամ տեսակցել իմ վստահորդ պարոն Վարդան Ղուկասյանին՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Բոլոր աշխատասենյակները զբաղված էին:
Երեկ ի թիվս այլի, օրենքի կոպիտ խախտմամբ, խոչընդոտվեց նաև իմ անարգել և անհապաղ շփումը կալանքի տակ գտնվող իր վստահորդի հետ:
Հերիք չէ, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն օրենքի կոպիտ խախտմամբ շահագործում է ՀՀ ԱԱԾ-ի անցակետային ծառայությունը, ես ստիպված եմ եղել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մուտք ապահովող տրանզիտ կետում՝ ՀՀ ԱԱԾ-ի մուտքի մոտ, ոտքի վրա սպասել ժամեր:
Տիկին Գալյան, շատ վատ եք աշխատում, չեք կարող կազմակերպել արդարադատությանը ուղղված պետաիշխանական լիազորությունները ու պարտականությունները:
Ժամեր շարունակ սպասողների համար առնվազն պետք է կահավորել սպասասրահ Ձեր կողմից հաստատված տրանզիտ ապահովող կետում՝ ՀՀ ԱԱԾ շքամուտքում:
Հ.Գ.
Ըստ էության, տիկին Գալյան, ի զորու չեք ապահովել քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը»:

«ՀՀ կալանավայր մուտք գործելու համար հերթեր են գոյացել»