Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հեծանիվ քշելը վերածել է ցինիկ ձևական ներկայացման»․ Արմեն Հովասափյան

«Հեծանիվ քշելը վերածել է ցինիկ ձևական ներկայացման»․ Արմեն Հովասափյան
147
Այսօր, 17:00

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ խոսք՝ հեծանվային մշակույթը, անկասկած, առաջադեմ և օգտակար երևույթ է, վիճելն անիմաստ է։ Ասեմ ավելին, երբ պետությունները խրախուսում են հեծանվով տեղաշարժվել՝ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի փոխարեն, նպատակը երկուսն է՝ մի կողմից նվազեցնել բնակավայրերում արտանետումները և տրանսպորտային գերբեռնվածությունը, մյուս կողմից՝ ձևավորել առողջ կենսակերպի մշակույթ։
Սակայն շատ կարևոր է փաստել, որ հեծանվային մշակույթը ձևավորվում է ոչ թե միայն զուտ հեծանիվը քշելով, այլ ամբողջ միջավայրի ապահովման միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են հեծանվային արահետներ (հենածանվաուղիներ), անվտանգ փողոցներ, քաղաքային ենթակառուցվածքներ և ամենակարևորը՝ վարքականոն ու հարգանքի մշակույթ՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների մոտ։ Ահա թե ինչու Եվրոպայում այս մոդելը գործում է՝ այնտեղ ձևավորված է ոչ թե ձևական, այլ բովանդակային մոտեցում, և մարդիկ հաճույքով ու անվտանգ հեծանիվ են վարում՝ առանց տարիքային սահմանափակման ու հասարակական դիրիքի։
Ի տարբերություն դրան, մեր մոտ ամեն ինչը շուռ է տված գլխի վրա․ Հայաստանում իշխանության ղեկավարը փորձում է «գովազդել» հեծանիվ քշելը, որն ունի հակառակ էֆեկտ։ Մասնավորապես, հեծանիվ վարելու ակցիայի համար փակվում են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ, պարալիզացվում է քաղաքի երթևեկությունը, մարդկանց անհարմարությունների մեջ է գցում, իսկ թիկնապահների շարասյունը ուղեկցում է առաջնորդին․ փաստացի սա ոչ թե մշակույթ է, այլ ցուցադրական այլանդակություն:
Ըստ էության՝ նման մոտեցմամբ ոչ թե տարածվում է հեծանվային մշակույթ, այլ դրա իմաստը աղավաղվում է։ Այս մարդը, ինչպես բոլոր կարևոր ոլորտներում, այս «անշառ ու բարի» թեման նույնպես աղավաղում է՝ վերածելով ցինիկ ձևական ներկայացման»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան