Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԳՇ-ում չեն գիտակցո՞ւմ, որ բացասական հետևանքներ են լինելու». Վիտալի Մանգասարյան

«ԳՇ-ում չեն գիտակցո՞ւմ, որ բացասական հետևանքներ են լինելու». Վիտալի Մանգասարյան
159
Այսօր, 14:18

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման որոշումը՝ սահմանելով, որ 2025 թվականի ձմեռային զորակոչից ծառայությունը 24 ամսից կդառնա 18 ամիս։ Թեև նիստի ընթացքում արձանագրվեց, որ սա անչափ կարևոր նշանակության որոշում է, փաստացի որևէ իրական քննարկում տեղի չունեցավ։ Այլ կերպ ասած՝ երկրի անվտանգության համակարգի առանցքային հարցը լուծվեց գրեթե լռության պայմաններում:
Այն նույն գործադիր մարմինը, որը հանրային սննդի օբյեկտներում ծխելու կամ աղամանները սեղանին դնելու մասին որոշումները կարող է ժամերով քննարկել, այժմ ռազմավարական կարևորության թեմայի շուրջ գործնականում զրոյական քննարկում իրականացրեց։
Նիստում ներկայացված հիմնավորումները մեղմ ասած նույնպես բավարար չէին: Փոխնախարարը ընդգծեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը ներկայումս կազմում է 4220 և աճի միտում ունի։ Սակայն ըստ իմ կանխատեսումների, եթե այդ ծրագիրը չվերանայվի և չհամադրվի 1,5 տարվա ծառայության ժամկետին, ապա շահառուների թիվը ոչ թե կաճի, այլ կնվազի։ Այդ ծրագիրը կառուցված է եղել 2 տարվա ծառայության հաշվարկների հիման վրա, և այժմ, երբ ծառայության իրական տևողությունը նվազեցվում է, ծրագրի գրավչությունն ու տրամաբանությունը կտրուկ փոխվում են։
Գլխավոր շտաբում չե՞ն գիտակցում, որ այս փոփոխությունն ունենալու է բացասական հետևանքներ, և այդ ազդեցությունը տարածվելու է նաև պաշտպանության համակարգի մի շարք այլ կարևոր բաղադրիչների վրա»: