Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վճռաբեկ բողոքը չի ընդունվել վարույթ»․ Սամվել Կարապետյանի պաշտպաններ

«Վճռաբեկ բողոքը չի ընդունվել վարույթ»․ Սամվել Կարապետյանի պաշտպաններ
211
Այսօր, 14:54

Սամվել Կարապետյանի պաշտպանների հայտարարությունը․ «2025 թ. հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիս ամսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ:
Ավելին, Դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը, չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն:
Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի: Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին: Անհրաժեշտ ենք համարում նաև հանրության համար բացահայտել, որ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել «իրավական» նորարարական մեխանիզմով, ըստ որի, նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում առկա իրավական դիրքորոշումների դեմ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ, իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը ու որոշմանը՝ մի շարք իրավական հիմնավորումներով, չի ընդունել վարույթ:
Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու և քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն:
Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել»: