Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հոգևորականների և նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում». նոր դիմում՝ դատախազին. «Ժողովուրդ»

Հոգևորականների և նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում». նոր դիմում՝ դատախազին. «Ժողովուրդ»
116
Այսօր, 09:06

«Ժողովուրդ»-ը գրում է. «Արագածոտնի թեմի հոգևորականների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը իրավապահ մարմինները մինչև այժմ չեն վերադարձրել։ Այս մասին հայտնել են հոգևորականների պաշտպանները։
Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլև նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները և տարբեր անձնական իրեր։
Դեպքից անմիջապես հետո փաստաբաններն ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որևէ կապ չունեն քրեական գործի հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգևորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգևորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։

Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը»։