Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այս մարդիկ ինքնակամ գնացին, որ թուրքերը չկրկնեն ցեղասպանությունը»․ Նաիրա Կարապետյան

«Այս մարդիկ ինքնակամ գնացին, որ թուրքերը չկրկնեն ցեղասպանությունը»․ Նաիրա Կարապետյան
269
Այսօր, 16:36

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․ «2014 թվականն էր, հոկտեմբերի 25-ը, Արցախում էինք:
Դրախտիկում Թթվի փառատոն էր, իսկական տոն, ուրախություն:
Երբ մոտեցանք տաղավարներին, հանդիպեցինք Արցախի ղեկավարությանը:
Բակո Սահակիչն իր մեղմ ժպիտով ողջունեց, իր երախտագիտությունը հայտնեց, որ սրտներս չենք կտրում Արցախից:
Բաբայան Դավիթն էլ հուշեց, որ ծննդյանս օրն է, մոտեցավ շնորհավորեց, բոլորը շնորհավորեցին: Մենք հպարտորեն ասացինք, որ եկել ենք հարսանիքն Արցախում անելու, որ Պարգև Սրբազանի հետ օրվա երկրորդ կեսին պետք է գնանք Շուշի:
Դավիթը շփոթվեց, մոտեցավ, թե՝ էդ մի նորությունը բաց եմ թողել, ինչ լավ բան եք որոշել, կեցցե՛ք, Արցախի հողի ուժը թող ձեր ընտանիքի հետ լինի: Բակո Սահակիչն էլ ավելացրեց, որ հողի ուժը մարդկանցով է:
Այսօր Դավիթը Բաքվում է: Իր ոտքով գնաց հանձնվեց… Արցախի սուրբ հողի ուժով:
Բակո Սահակիչն էլ է Բաքվում: Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը…
Այս մարդիկ ինքնակամ գնացին, որ թուրքերը չկրկնեն ցեղասպանությունը… Որ 120 000 հայի կյանքի իրավունք տան:
Նրանք գիտակցված գնացին թշնամու մոտ:
Ազատություն այս հայրենանվեր և հայրենասեր մարդկանց։
Հ.Գ. Բաքվի բանտում պետք է հայ չլինի: Բոլորը պետք է վերադառնան: Անմեղ մարդիկ, ովքեր որակվեցին և դատվեցին որպես «դիվերսանտ», անմեղ մարդիկ, ում թուրքերը գողացան Հաքարիի անցակետից և դատում են որպես «ռազմական հանցագործ» և «ցեղասպան», և անպայման Արայիկ Հարությունյանն էլ պետք է վերադառնա Հայաստան: Նա շատ հարցերի պետք է պատասխանի, բայց այստեղ՝ հայրենիքում»։

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան