Կիրակի, 02 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նախքան Գարեգին Բ-ի հետ պատմական սելֆին, Փաշինյանը տեղյակ չի՞ եղել, որ Վեհափառը կույս չէ»․ Թաթուլ Հակոբյան

«Նախքան Գարեգին Բ-ի հետ պատմական սելֆին, Փաշինյանը տեղյակ չի՞ եղել, որ Վեհափառը կույս չէ»․ Թաթուլ Հակոբյան
195
Այսօր, 15:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովհաննավանքում վարչապետ Փաշինյանի և իշխող թիմի երևելի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել երկրորդ պատարագը, որը մատուցել է Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված քահանան և Թալինի եկեղեցու տեր հայրը: Գուցե այլ հոգևորականներ էլ են մասնակցել։
Հայաստանի վարչապետը Ամենայն Հայոց կաթողիկոսին Մայր Աթոռից հեռացնելու իր որոշման մեջ, թվում է, չի նահանջելու: Պարոն Փաշինյանը Գարեգին Բ վեհափառին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու, ընտանիք ունենալու մեջ:
Ժամանակին, Փաշինյանի իշխանության գալուց առաջ, մամուլում գրվել է և հրապարակվել լուսանկար, որ Ամենայն Հայոցը դուստր զավակ ունի:
Այստեղ մի քանի հարցեր են առաջ գալիս.
ա/ Պարոն Փաշինյանը, նախքան Գարեգին Բ-ի հետ իր պատմական սելֆին, տեղյակ չի՞ եղել, որ Վեհափառը կույս չէ:
բ/ Ինչպես են հանրությանը, նկատի ունեմ հանրության այն հատվածին, որը այս հարցում չեզոք է, հիմնավորելու, որ կաթողիկոսը դուստր ունի: Կրկի՞ն նկարներ ու տեսանյութեր:
գ/ Ինչպես են ընտրելու նոր կաթողիկոս, եթե հաջողվի ԱԱԾ-ով, զորքով, ոստիկանական գվարդիայով վերցնել Մայր Աթոռը:
դ/ Եթե դա հաջողվի, ապա Հայաստանից դուրս գտնվող Մայր Աթոռի թեմերը ինչպես են ենթարկեցնելու ՀՀ իշխանություններին կամ նրանց կողմից ընտրված կաթողիկոսին:
ե/ արդյոք այս պատմությունը չի կարող ավարտվել նրանով, որ մենք ունենանք Հայաստանի եկեղեցի և Սփյուռքի եկեղեցի:
Հարցերը շատ են, և մենք վստահ չենք, որ բոլոր վտանգներն ու ռիսկերը հաշվի են առնվել:
Այդուհանդերձ, այդ տհաճ պատմության մեջ երեք սպիտակ կետ եմ ուզում տեսնել.
ա/ Մայր Աթոռը գուցե փորձի վերափոխվել ներսից և անդրադառնալ բազմաթիվ վիճելի դրույթների, ինչպիսին, օրինակ, կուսակրոնության ուխտն է մեր հոգևոր դասի համար,
բ/ Մայր Աթոռը ընդունի, որ ներքաղաքական պայքարի մեջ նետվելը նույնքան անընդունելի է, որքան իշխանության միջամտությունը Մայր Աթոռի հարցերին,
գ/ այո, մեր հանրությունը իրավունք ունի անդրադառնալու բոլոր տաբու թեմաներին»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան