««Անվտանգության կուտակման» դոկտրինի ընդհանուր սկզբունքները»․ Արմեն Գևորգյան
![]() 102 Այսօր, 03:06 ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածը. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իմ պատկերացումները։ I. «Անվտանգության կուտակման» դոկտրին. ընդհանուր սկզբունքներ Անվտանգության նման դոկտրինը և Արցախի կորստից հետո Հայաստանի (ստանձնելիք) առաքելությունը՝ երկրի համար հիմք են ստեղծում ոչ միայն աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ չտարրալուծվելու, այլև՝ որպես քաղաքակրթական և քաղաքական միավոր ամրապնդվելու համար, առանց պատրանքների, բայց՝ հստակ ռազմավարությամբ։ • Ռազմավարական նպատակ. Հայաստանի առավելությունների ֆիքսում և զարգացում: Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ, գլոբալ ցանցեր: Այն պետք է կամուրջ դառնա տարբեր ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Արևմուտքի միջև, և օգտագործի իր աշխարհագրությունը որպես ռազմավարական առավելության գործոն, այլ ոչ՝ որպես խոցելիություն: Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնի համաձայնագրերը խաղաղություն չեն, այլ՝ Հայաստանի անվտանգության մեջ պոտենցիալ ներդրում: Ավելին, դրանք պետք է արդյունավետորեն օգտագործվեն: Բայց միայն դրանց և դրանց հանրային առաջխաղացման վրա հույս դնելը նշանակում է՝ ապրել խաղաղության մշտական պատրանքների մեջ: Այնինչ անհրաժեշտ է իրական խաղաղություն՝ նաև նոր պայմաններում Հայկական պետության գոյաբանական առաքելությունը սահմանելու և իրականացնելու համար, երբ պահանջվում է հասկանալ. - կառաջնորդվե՞ն արդյոք բոլոր ներկա և ապագա հայկական էլիտաները հետևյալ վտանգավոր բանաձևով. «Հայաստանը միայն այն հայերի համար է, որոնք մշտապես ապրում են այնտեղ»: - կարո՞ղ է ներկայիս հայկական պետությունը կանգնեցնել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքի և նրանց թվաքանակի հետագա կրճատման գործընթացը։ - ի զորո՞ւ են ժամանակակից հայկական էլիտաները ստանձնել ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն ստեղծելու պատմական առաքելությունը։ Կարևոր է հասկանալ, որ հայերի ներկա և ապագա սերունդների համար Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին հպարտության և ճանաչման աղբյուր է, որտեղ առկա է. - լեգիտիմ և համեստ կառավարություն, - խելամիտ և պատասխանատու էլիտա, - կրթված և առաջադեմ հասարակություն, - ուժեղ և առողջ քաղաքացիական հասարակություն, - չափավոր պահպանողական, բայց լիովին հանդուրժող հասարակություն, - արդար (իրավական) պետություն, - հարմարավետ (սոցիալական) պետություն, - արդյունավետ (կոմպակտ) պետություն, - անվտանգ (խաղաղ) պետություն, - մրցունակ (նորարարական) տնտեսություն։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հայկական ազգային պետություն է, որպես. 1. Հայկական ինքնության կոդի պահապան. միջուկը՝ քաղաքակրթական կոդը կրող տարրերը, որոնք վերապրել են բոլոր փոխակերպումները. ա․ լեզու (հայերենը՝ որպես աշխարհի յուրօրինակ պատկերի կրող) բ․ եկեղեցի (ոչ միայն կրոնական հաստատություն, այլև՝ մշակութային դիմադրության խորհրդանիշ) գ․ պատմական հիշողություն (ցեղասպանություն, Արցախ, պետականության համար հազարամյա պայքար) դ․ հող (ոչ այնքան տարածք, որքան «Հայաստանը՝ որպես տուն» ընկալում): 2. Հայկական աշխարհի հենման տարածք․ ա. hայ ժողովրդի ինքնության պահպանման և hայկական աշխարհի զարգացման կենտրոն բ․ միջազգային հանրության կողմից ճանաչված հայկական պետականության միակ օջախ գ․ սփյուռքը պետական նախագծերում ինտեգրելու տարածք՝ ներդրումներ, կրթություն, դիվանագիտություն, տեխնոլոգիաներ։ 3․ Ապագա սերունդների համար անվտանգ տուն․ ա․երաշխիք, որ յուրաքանչյուր հայ ունի վերադառնալու տեղ։ բ․ անվտանգության, սոցիալական արդարության և զարգացման տարածք։ գ․ միջավայր, որտեղ շեշտը դրվում է մարդկային կապիտալի, երկակի ստանդարտներից զերծ ժողովրդավարության և բազմաշերտ անվտանգության վրա։ 4. Փոքր ազգի հաջողության լաբորատորիա․ ա․ անկայուն աշխարհում գոյատևման և զարգացման մոդել։ բ․ Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության հարթակ։ գ․ փոքր պետություն, որը կարող է ինտեգրվել տարբեր քաղաքական և մշակութային միջավայրերի։
II. Անվտանգության կուտակման շերտեր 1. Աշխարհաքաղաքական վերափոխման արտաքին քաղաքականության շերտը։ Մինչդեռ, ձևավորված ավանդական տնտեսական հարաբերություններն ու կապերը, ինչպես նաև դրանց զարգացման ռազմավարական ներուժը Հայաստանի կայունության և բարեկեցության համար, պետք է առաջնահերթ դարձնեն մեր ջանքերը Հյուսիս-Հարավ ուղղությամբ։ «Կուտակային անվտանգության» դոկտրինի աշխարհաքաղաքական շերտը պետք է կառուցվի ոչ թե բլոկների մերժման, այլ՝ բլոկային անդամակցության գործոնը որպես նվազագույն հենակետ ընդունելու և զուգահեռ՝ նոր բազմակողմ և երկկողմ կապերը որպես լրացուցիչ արժեք օգտագործելու հմտության վրա։ 1.1 «+1 և ոչ թե -1» սկզբունքը· • Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է դիտարկել որպես ռազմավարական, և մեզ համար ողջամիտ է հասկանալ և ելնել այն իրողությունից, որ այս իրավիճակը չի փոխվի տեսանելի ապագայում։ Ռուսաստանը կարող է և կձգտի ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ «+1»-ի տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք այս ձգտումներին։ Ռուսաստանն ունի և կարող է մատակարարել նոր զենքեր և սարքավորումներ։ Տարօրինակ կլիներ չօգտվել այս հնարավորություններից։ 1.2 «Բլոկային» նոր հավասարակշռություն • Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև նոր եռակողմ գործընկերություն՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելով՝ հաղորդակցություններ, հաղորդակցությունների զարգացման և պաշտպանության համատեղ միջոցառումներ։ 1.5 Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ և փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ (առանձին առաջարկների բլոկ, որոնց մի մասն առիթ եմ ունեցել ներկայացնելու 2019-2022 թվականներին մի շարք հոդվածներում և ելույթներում)։ Մեր անվտանգության համար առանձին և առանցքային թեմա է հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների մշակումը։ «+1» անվտանգության կուտակման հայեցակարգի շրջանակներում անհրաժեշտ է առանձին ներկայացնել դիտարկումներն այս խիստ զգայուն թեմայի վերաբերյալ։ 2. Պետության պաշտպանության ռազմա-տեխնոլոգիական շերտ Անվտանգության նոր հայեցակարգի շրջանակներում կարևոր է ռազմական զարգացման միջոցառումների ամբողջությունը։ Առաջարկվում է «Անցումային բանակի հայեցակարգ», որը հիմնված է հին մոդելի բանակից նոր, կիսապրոֆեսիոնալ բանակի անցման կամ վերափոխման գաղափարի վրա։ Բանակը՝ որպես զսպման գործոն, այլ ոչ՝ ագրեսիայի։ Նոր մոդելի հիմնական պարամետրերը․ • խաղաղ ժամանակ՝ կոմպակտ, բայց պատրաստված բանակ (35-40 հազար), • Հատուկ պաշտպանական գոտիների նախագծում (Սյունիք և այլ կարևոր տարածներ - հանգույցներ)․ ինտեգրված մոնիտորինգի ցանց, ՀՕՊ/ռադիո-էլեկտրոնային պայքար, նոր տիպի ինժեներական արգելապատնեշների ներմուծում, գործընկերային կապերի ամրապնդում Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ՀՕՊ/հետախուզական/կապի ոլորտներում: • Հիմնական անձնակազմ՝ պրոֆեսիոնալ սպաներ, սերժանտներ և պայմանագրային զինծառայողներ։ Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ բանակը համալրված է ամենապատրաստված (ֆիզիկապես, բարոյապես, գիտելիքների և հմտությունների առումով) մարդկանցով: Հենց սրանով պայմանավորված պետք է ձևավորվեն ծառայության սկզբունքորեն նոր մոտիվացիոն հիմքեր՝ ժամկետային ծառայության պայմանները, ժամկետները և բովանդակությունը (ծառայություն հնարավորին չափ մոտ մշտական բնակության վայրին, պարբերական արձակուրդներ, օրինակ՝ կիրակի օրերին, ծառայության նոր ժամկետներով)։ 2.3 Հնարավորինս ինքնաբավ ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Պաշտպանական բյուջե, որն առաջնահերթություն է տալիս և տեխնոլոգիաներին ու նորարարությանը, և անձնակազմին։ Երկակի նշանակության ռազմարդյունաբերական համալիր՝ տեխնոլոգիաներ, որոնք զարգացնում են միաժամանակ նաև քաղաքացիական արդյունաբերությունը (անօդաչու թռչող սարքեր, օպտիկա, կիբեռտեխնոլոգիաներ)։ 3. Ներքին քաղաքական կայունության ինստիտուցիոնալ-ժողովրդավարական շերտ ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը և պատասխանատու քաղաքական մշակույթի ձևավորումը պետք է դառնան Հայաստանի ազգային անվտանգության ամենակարևոր հենասյունը։ Այս համատեքստում ժողովրդավարությունը չպետք է մնա միայն ձևականություն, այլ դառնա պետության գոյատևման և զարգացման գործիք։ Սա այն է, ինչի վրա պետք է կենտրոնանա հայ ինտելեկտուալ միտքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ 3.1 Պատասխանատվության նոր քաղաքական մշակույթ։ Նոր նորմի ձևավորում, որտեղ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելը ոչ միայն իրավունք է, այլև՝ քաղաքացու պարտականություն (պարտադիր քվեարկության ներդրում)։ Էլիտաների և հասարակության պատասխանատվությունը միմյանց նկատմամբ դառնում է հիմնարար արժեք։ 3.2 Ընտրական նոր չափորոշիչներ և ընտրական գործընթացի թվայնացում։ Անցում թվային գրանցամատյանների, էլեկտրոնային քվեարկության և թափանցիկ հաշվապահական համակարգերի, որոնք նվազագույնի են հասցնում կեղծիքի հնարավորությունը։ Ի դեպ, սա հնարավորություն կտա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առանձին հետազոտական նախագծերի իրականացման համար։ 3.3 Խորհրդարանական նոր ճարտարապետություն։ Մեծամասնության ձևավորման մոտեցումների բարեփոխում. արհեստական գերիշխանությունից հրաժարում, ավելի կայուն և արդար ներկայացուցչության ապահովում։ Խորհրդարանական վերահսկողության ընդլայնում՝ գործադիր իշխանության կկատմամբ վերահսկողության իրական գործիքների ամրապնդմամբ՝ հանձնաժողովների և հանձնաժողովների լիազորությունների ընդլայնումից մինչև կառավարության հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմներ։ 3.4 Անկախ դատական համակարգ։ Դատարանը՝ որպես օրենքի առջև հավասարության, գործադիր իշխանության զսպման և քաղաքացիական հասարակության պաշտպանության գլխավոր երաշխավոր։ 3.5 Հավասար հնարավորությունների հասարակություն՝ կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական շարժունակություն, կառավարման թվայնացում։ 3.6 Հանդուրժողականության ողջամիտ սահմաններ՝ պետությունը պետք է հարգի մարդու բոլոր ազատություններն ու իրավունքները, այդ թվում՝ փոքրամասնություններինը։ Այն չի կարող պատժել մարդկանց իրենց ընտրության և համոզմունքների համար, բայց չպետք է խրախուսի որևէ բան, որը հակասում է ավանդական ընտանիքի, ազգային արժեքների և գաղափարների հասկացությանը։ 4. Սեփական առավելությունների ձևավորման սոցիալ-դեմոգրաֆիկ շերտը Սոցիալ-դեմոգրաֆիկ շերտի նպատակն է՝ Հայաստանը կախյալ և խոցելի օղակից վերածել բարձրորակ մարդկային կապիտալի, ինչպես նաև ուժեղ և առողջ հայկական ընտանիքի վրա հենվող խաղացողի։ 4.1 Միջին խավը որպես ժողովրդավարության հենասյուն։ Հետևողական տնտեսական և սոցիալական քաղաքականություն՝ ուղղված ուժեղ և ազդեցիկ միջին խավի ձևավորմանը, որը կդառնա կայունության երաշխավոր և քաղաքական ծայրահեղությունների հակակշիռ։ 4.2 Ժողովրդագրական քաղաքականություն՝ ծնելիության խթանում և ընտանեկան արժեքների պաշտպանություն։ Կանանց առողջությանը հատուկ և հիմնարար ուշադրություն և կարևորություն։ 4.3 Հասանելի, բարձրորակ և զարգացած առողջապահական համակարգ։ 4.4 Հայրենադարձության համար պայմանների ստեղծում (աշխատատեղեր, բնակարան, ինտեգրացիա): 4.5 Խառը զբաղվածության մոդելների աջակցություն (առցանց աշխատանք Հայաստանից դուրս գլոբալ ընկերությունների համար): 5. Բեկումնային զարգացման կրթական-հայրենասիրական շերտ։ Կրթական և հայրենասիրական շերտի խնդիրն է՝ ստեղծել պայմաններ ապագա էլիտաների «ինկուբատորի» ձևավորման համար, որոնք ունակ են ոչ միայն երկիրը պաշտպանելու, այլև գլոբալ աշխարհակարգում կառուցելու դրա մրցակցային առավելությունները: Այս շերտը հայկական պետության երկարաժամկետ կայունության հիմքն է: Առանց մարդկային կապիտալի և ներքին համախմբվածության ո՛չ բանակը, ո´չ դիվանագիտությունը, ո՛չ էլ տնտեսությունը չեն գործում։ 5.1 Կրթությունը՝ որպես ռազմավարական անվտանգության ռեսուրս • Կրթական համակարգի ներառումն ազգային անվտանգության առաջնահերթությունների շարքում՝ կրթական քաղաքականությունը համապատասխանեցնելով երկրի տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական նպատակներին։ • Միասնական ազգային կրթական ծրագրի ներդրում՝ սկսած տարրական դպրոցից։ Հայոց պատմության, մշակույթի և ռազմական ավանդույթների պարտադիր ուսումնասիրություն։ • «Ուսուցիչ-հայրենասեր», «սպա-խրատող», «բժիշկ-հումանիստ» հատուկ ազգային-պետական ուսումնական ծրագրերի իրականացում։ Հյուսիս-Հարավ միջանցքի գործունեության համար նոր ենթակառուցվածքների զարգացման ինտենսիվացումը, Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից ներդրումներ ներգրավելով, պետք է չեզոքացնի Հայաստանի դեմ ագրեսիայի ռիսկերը։ Օբյեկտիվորեն, Արևելքի և Արևմուտքի ուղղությամբ Հայաստանի միջով հաղորդակցությունների զարգացման ամենաօպտիմալ տարբերակները Հայաստանի հյուսիսային շրջաններն են (Շիրակ, Լոռի, Տավուշ)։ Հենց այս համատեքստում պետք է տեղի ունենա պետական պարտքի օպտիմալացումը։ 6.1 Տրանսպորտ-հաղորդակցությունների ոլորտ • Տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ կարևոր է հաշվի առնել, որ այսօր Հայաստան եկող բոլոր երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացվում են Վրաստանի (միակ դարպասի) միջով։ ԽՍՀՄ օրոք այդպիսի երեք դարպաս կար՝ Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։ Սա երկարաժամկետ ռիսկ է, և վերջին զարգացումները (Վրաստանով հայկական ապրանքների տարանցման խոչընդոտները) ընդգծում են տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ • Երկրորդ. անհիմն է ենթադրել, որ Հայաստանն ունի զգալի արդյունաբերական ներուժ և, համապատասխանաբար, արտահանման համար արտադրական ապրանքների բավարար ծավալներ, և որ բոլոր նախկին ճանապարհների գործարկումը կնպաստի արդյունաբերական արտահանման աճին։ Հայաստանում արտահանման համար ներկայումս արտադրվող ամեն ինչ արտահանվում է, այսպես թե այնպես։ Նոր ճանապարհները չեն հանգեցնի արդյունաբերական բումի, քանի որ մենք այլևս չենք ունենա արդյունաբերական արտադրության խորհրդային մակարդակը, բայց դրանք կարող են ազդել հայկական ապրանքների արժեքի և մրցունակության վրա։ Հայաստանի համար նոր տրանսպորտային ուղիների լրացուցիչ տնտեսական օգուտները կապված կլինեն նաև տարանցիկ հոսքերի հետ՝ ֆինանսական եկամուտներ, նոր աշխատատեղեր և ծառայությունների ոլորտի վրա դրական ազդեցություն։ • Երրորդ, առաջնային հաղորդակցությունները պետք է հաշվի առնեն հետխորհրդային նոր աշխարհաքաղաքական իրողությունները և պետք է դառնան ազգային անվտանգության և ինքնիշխանության ապահովման ավելի գլոբալ համակարգի մաս։ Տրամաբանական է, որ Վրաստանը և Իրանը պետք է լինեն մեր հիմնական և կայուն դարպասները, իսկ մյուսները՝ օժանդակ և լրացնող։ Միևնույն ժամանակ, բոլոր նախկին երթուղիների միաժամանակյա ապաշրջափակման մասին խոսելը մաքուր քաղաքական ռոմանտիկա է։ Տրանսպորտի և կապի ողջամիտ քաղաքականությունը պետք է հիմնված լինի մի կողմից կարճաժամկետ արդյունքների հասնելու (օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացում, Երասխ-Ջուլֆայի շահագործում, Իջևան-Ղազախի վերականգնում, նոր էլեկտրահաղորդման գծերի և արագընթաց ինտերնետային մալուխների տեղադրում և այլն) և մյուս կողմից՝ երկարաժամկետ հեռանկարների իրականացման ձգտման (Իրանից դեպի Հայաստան նոր ճանապարհների կառուցում, Դիլիջան-Վանաձոր նոր երկաթուղային գիծ և Աբխազիայի երթուղու վերականգնում) ռազմավարության վրա։ 6.2 Նոր հայկական ատոմակայանի կառուցման և հետագա շահագործման համար Հայաստան-Ռուսաստան-Չինաստան նոր միջազգային կոնսորցիումի ստեղծում։ Այս կոնսորցիումը պետք է արդյունավետորեն լուծի օպտիմալ տեխնոլոգիայի ընտրության, ֆինանսավորման աղբյուրների, ատոմակայանի պաշտպանության և հետագայում էլեկտրաէներգիայի՝ արտասահման վաճառքի հնարավորության հարցերը։ 6.3 Ընտանեկան հոլդինգներ։ Կորեական չեբոլների մոդելի հիման վրա խոշոր ընտանեկան տնտեսությունների ստեղծման խրախուսում՝ նպատակ ունենալով ձևավորել 10-ից ոչ պակաս բազմաարդյունաբերական ընտանեկան խմբեր, որոնք կարող են ներգրավվել ուղղակի ներդրումների համար կապիտալը, զարգացնել արդյունաբերական նոր ճյուղեր և մրցել արտաքին շուկաներում։ 6.4 Փոքր և միջին ընտանեկան բիզնեսի աջակցություն և ինստիտուցիոնալ պաշտպանություն՝ որպես այս գործընթացների հիմք։ 6.5 Սեփականության ինստիտուտի ամրապնդում։ 6.6 Սփյուռքի և համաշխարհային ներդրումների ներգրավում կարևորագույն ենթակառուցվածքներում, էներգետիկայում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 6.7 Պետության դուրսբերում մասնավոր հատվածից։ Պետության մասնակցության դադարեցում մասնավոր ձեռնարկություններում և նախագծերում։ Պետության դերը կարգավորումն է, պայմանների, ենթակառուցվածքների և երաշխիքների ստեղծումը, այլ ոչ՝ մասնավոր բիզնեսի հետ մրցակցությունը։ 6.8 Նոր արտահանման քաղաքականություն՝ հիմնված բարձրորակ հայկական ապրանքների արտադրության մասշտաբային մոտեցման և նոր համահայկական ապրանքանիշների (բնական ջուր, հյութեր, ալկոհոլ, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ և այլն) ներդրման վրա։ 7. Էթնոմշակութային շերտ՝ ինքնության և հայկական աշխարհի պահպանման համար Մեկ ժողովուրդ. տարբեր աշխարհներ և ավանդույթներ, բայց ընդհանուր նպատակներ և արժեքներ։ Հայաստանը միջուկն է, սփյուռքը՝ հավասար գործընկեր։ Հայ եկեղեցու դերը։ Ինչու պետք է հայկական սփյուռքը կանգնի Հայրենիքի կողքին։ Բովանդակային իմաստ ձևավորող ինչ դրույթներ պետք է ապահովեն փոխադարձ ճանաչումն ու աջակցությունը։ Պայքար հայ ինքնության ձուլման սպառնալիքի դեմ։ 7.1 Իրական քաղաքական մեխանիզմների մշակում՝ սփյուռքը երկրի համար կարևոր, ռազմավարական որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավելու համար՝ նոր խորհրդատվական մարմնի ստեղծման միջոցով։ Մեխանիզմների ձևավորում սփյուռքի մասնակցության համար ոչ միայն մարդասիրական նախագծերին, այլև՝ երկրի ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությանը։ Համահայկական տեղեկատվական և հետախուզական ռեսուրսների զարգացում։ 7.2 Ինտեգրման ռազմավարական ուղիներ․ - Եկեղեցի - Կրթություն (միասնական հայկական կրթական տարածք) - Մշակույթ - Դիվանագիտություն (լոբբինգ սփյուռքի միջոցով) - Ներդրումներ (նպատակային զարգացման միջոցներ)»: Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

««Անվտանգության կուտակման» դոկտրինի ընդհանուր սկզբունքները»․ Արմեն Գևորգյան
9703:06
«Ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է․ ո՞րն է փաստարկը․ այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել»․ Սերժ Սարգսյան
11901:30
«Կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության»․ Սերժ Սարգսյան
15501:12
«Մենք չենք տերը մեր երկրի․ ոչ մի ոլորտ Հայաստանից չի ղեկավարվում»․ Կարեն Հեքիմյան
12800:30
«Շուշին հանձնվել է ամսի 5-ին․ այնտեղ անհամեմատ ավելի շատ զոհեր ենք տվել, քան գրավելու ժամանակ»․ Սերժ Սարգսյան
19400:18
«2019թ-ին Արցախի ղեկավարությանն ասել եմ՝ կա փաստաթուղթ, որը թաքցվում է». Սերժ Սարգսյան
19900:02
«2020թ․ սեպտեմբերի 30-ին հանդիպել եմ բարձրաստիճան դիվանագետի հետ և ասել՝ վատ կանխազգացում ունեմ»․ Սերժ Սարգսյան
210Երեկ, 23:56
Հրապարակվել է Նարեկ Կարապետյանի և Ռոբերտ Ամստերդամի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնի հետ (տեսանյութ)
188Երեկ, 23:42
