«Մեր հանրության գիտակցության վրա ազդելով են մեր պետության դեմ գործում»․ Գայանե Աբրահամյան
107
Այսօր, 02:06
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բայրամովի հարցազրույցը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի ենք մենք հիբրիդային, կոգնիտիվ հարձակումների առաջ, սա առանց չափազանցելու ազգային անվտանգության խնդիր է։ Չենք հասկանո՞ւմ, որ այո՛, Բայրամովը և ադրբեջանական ողջ կլանը հնարավոր ամեն ինչ անում են, այդ թվում՝ գերիներին կեղծ դատավարություններով դատելով, որ պատերազմ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՄԵՂՔԸ մեզ վրա բարդեն, քանի որ հասկանում են, որ աշխարհն այսպես չի մնալու, մի օր իրավունքի գերակայությունը վերականգնվելու է, մի օր չսադրված պատերազմ սանձազերծելու համար պատժելու է։ Ինչո՞ւ էինք անընդհատ, հնարավոր բոլոր հայտարարություններում ու փաստաթղթերում կիրառում unprovoked war unleashed by Azerbaijan, հենց հարձակման և չսադրված լինելու փաստը շեշտելու համար։ Իհարկե Բայրամովը և ողջ Ադրբեջանը պետք է ասեն թե՝ Փաշինյանը հրաժարվեց հանձնել, բանակցել և այլն, իհարկե պետք է ասեն՝ սադրանքներ արեց Հայաստանը, քանի որ վաղուց սկսել են պատերազմ սանձազերծելու ՄԵՂՔն իրենց վրայից մաքրելու գործընթաց ու մեր հանրությունը ԱԶԳՈՎԻ ԼԾՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՄԵՂՔԸ ՄԱՔՐԵԼՈՒ գործին։ Ազգովի դարձել ենք ադրբեջանական քարոզչության ու կոգնիտիվ հարձակման ԳՈՐԾԻՔ։ Այն որ ՍՍ և ՌՔ են Հայաստանի դեմ ցուցմունք տալիս, դա ինձ համար զարմանալի չէ, չնայած մեկը գեթ մեկ անգամ կարող էր փաստել, որ 30 տարի հնարավոր բոլոր փաստաթղթերն ու տարբերակները մերժողը եղել է Ադրբեջանը, իրենց հույսն էլ միշտ եղել է Ալիևի մերժումը՝ ստատուս քվոն պահել, ապավինել ռուսներին ու ոչմիթիզականության պաթոսով հանրությանը կերակրել ստերով՝ հընթացս բանակն էլ թալանել ու հարստանալ։ Եվ ի՞նչ, հիմա մենք էլ լծվենք ադրբեջանական սուտը տարածելու գործին։ Սա աբսուրդ էլ չի ախր, ողբերգություն է․․․ Ալիևը ինքն է խոստովանել, որ պատերազմով խնդիրը լուծելն իր գերնպատակն է եղել նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից, բայց մենք հիմա քննարկում ենք ու փաստարկներ բերում՝ թե ոնց հայերը (ինչպես ասել էր ՌՔ-ն) սադրեցին պատերազմը, այսինքն՝ Ալիևը հեչ մեղք չունի, մենք սադրեցինք։ Սա իշխանությանը քննադատել չի, սա ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ գործել է, որի տակից հետագայում որևէ իշխանություն չի կարողանալու դուրս գալ ու ադրբեջանին այլևս պետք էլ չի լինելու զենքով որևէ խնդիր լուծել, այ սենց մեր գիտակցության վրա ազդելու են ու գնան առաջ, վաղը նաև պատերազմ սանձազերծելու համար պատիժներ, վնասների փոխհատուցումներ և այլն կուզեն։ Խնդրում եմ ամեն բառ վերլուծել, չեք էլ պատկերացնում, թե ինչպես են մեր դեմ գործում բոլոր կողմերից։ Չարությունը չպետք է կուրացնի, ու սա իշխանության պաշտպանելու հարց չէ բոլորովին, ինքս եթե կողմ լինեի այդ քաղաքականությանը՝ մանդատս վայր չէի դնի, բայց սա մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ մասին է։ Հիմա մեր ներսում, մեր հանրության գիտակցության վրա ազդելով են մեր պետության դեմ գործում, սա հենց կոգնիտիվ պատերազմն է ու հիմա շատերդ դրա զենքն եք դարձել մեր ներսում՝ երկու նախկին չընտրված նախագահների գլխավորությամբ»։