Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչքան պարապ մարդ կա՝ պատմությունից կամ քաղաքականությունից է դատողություն անում»․ Վահե Լոռենց

«Ինչքան պարապ մարդ կա՝ պատմությունից կամ քաղաքականությունից է դատողություն անում»․ Վահե Լոռենց
106
Այսօր, 03:06

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ կան, որ տվյալ ոլորտից չեն, ոչինչ չեն անում, բայց, իրենց սրբազան պարտքն են համարում անպայման իրենց կարծիքը, տեսակետն արտահայտել այլոց գործի, աշխատանքի մասին։ Փոխանակ շնորհակալ լինելու, եթե անգամ կարծիք չունեն՝ կհայտարարեն, թե հիմա դրա ժամանակն է, դրա ժամանակը չէ․․․ այսինքն՝ թախտին թիկնած՝ այլոց փոխարեն որոշեն, թե ով ինչ անի, ինչ՝ չանի, կամ՝ երբ անի։
Սեփական Եսի ինքնահաստատման համար պատրաստ են ցանկացած անհեթեթության, միայն թե՝ ցույց տան իրենց գոյությունը, ցույց տան, որ իրենք կան։
Քիչ չեն այդ տեսակին պատկանող անձինք։
Հիշո՞ւմ եք 2018-2020 թվականներին ով համարձակվում էր քննադատել ներկա իշխանություններին, հարձակվում էին՝ մի խանգարեք, թողեք աշխատեն։ Եվ բնավ կապ չունի, որ քննադատությունդ հիմնավոր էր, փաստարկված։ Այս տեսակը իր պարտքն էր համարում բերանդ փակել, քեզ ուղղորդել․․․
Դուք չխանգարեցիք, կերա՞ք, ստացա՞ք արդյունքը․․․
Մեկ անգամ էլ բերեմ հին Հունաստանի նկարիչ Ապելլեսի օրինակը։
Ապելլեսը սիրում էր իր նկարած կտավները փողոցում ի ցույց դնել մարդկանց։ Մի անգամ, կոշկակար անցորդը նկարի մեջ պատկերված կոշիկի վրա սխալ է տեսնում։ Դիտողություն է անում Ապելլեսին։ Վերջինս շնորհակալություն է հայտնում և շտկում սխալը։ Հաջորդ օրը ոգևորված կոշկակարը սկսում է խոսել պատկերված կնոջ ոտքերի մասին։ Զայրացած Ապելլեսը ընդհատում է նրան․ - Կոշկակա՛ր, մի՛ դատիր կոշիկներից բարձր։
Եթե այս առակը բոլորս յուրացնեինք, ամեն բան իր տեղում կլիներ, ամեն մեկն իր տեղում կլիներ։ Այլապես, այսօր տաքսիստը դեղատոմս է դուրս գրում, խանութպանը քիմիայից է դատողություն անում, Բիբլիա չկարդացածը աստվածաբանության դասեր է տալիս, կալգոտկա ծախողը ֆիզիկայի օրենքներն է «քննարկում», ինչքան պարապ մարդ կա՝ պատմությունից կամ քաղաքականությունից է դատողություն անում»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց