Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հենց մի հատ թթու խոսք ասեք Ադրբեջանին, քանի՞ վայրկյան բաց կմնա սահմանը». Սևակ Հակոբյան

«Հենց մի հատ թթու խոսք ասեք Ադրբեջանին, քանի՞ վայրկյան բաց կմնա սահմանը». Սևակ Հակոբյան
132
Այսօր, 20:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մի քանի օր է՝ մեր երկրում քննարկման հիմնական թեմա է Հայաստան բերված աղմկահարույց ցորենը։ Եթե մինչ ցորենի հասնելը քննարկման թեման Ադրբեջանով բերելն էր, հասնելուց հետո քննարկվում է, արդեն, ցորենի որակը։
Իշխանությունն ասում էր՝ մենք կախման մեջ էինք ռուսական ցորենից, հիմա բազմազանություն ենք ապահովում։ Իրականում Հայաստանի՝ ցորենից ինքնաբավության մակարդակը 25 տոկոսից մի քիչ ավելի է, մյուս ամբողջ մասը բերվում է ՌԴ-ից, 99 տոկոսով։ Նախորդ տարիներին բերվել է շուրջ 350 հազար տոննա։ Այս ծավալներն աճել են 44-օրյա պատերազմից հետո, քանի մեր ցորենի պահանջարկի կարևոր մասը բավարարում էր Արցախը, որը հանձնել են։
Ռուսաստանից կախվածությունն ուզում են թուլացնել, ձգտում են Եվրոպա, բայց ամենակարևոր, ապրանքը ներկրում են ոչ թե Եվոպայից, այլ՝ ԵԱՏՄ անդամ երկրից, այն էլ՝ 1000 տոննա։ Վերջում էլ պարզվում է՝ ընդամենը անասնակեր։
Բացի այդ, սրանք ասում են, որ տարանցման ուղիների բազմազանություն են ուզում ապահովել, որ կախում չունենան Ռուսաստան-Վրաստան կապից, բայց ցորենը դարձյալ Հայաստան է մտնում Վրաստանով։ Իսկ որքանո՞վ է վստահելի ադրբեջանական ուղղությունը։
Օրինակ՝ Վրաստանը չի խոչընդոտում տարանցմանը, անգամ երբ Հայաստանում Եվրանեսթի խորհրդաժողով է արվում, ու ՔՊ-ն կողմ է քվեարկում հակավրացական բանաձևի։ Իսկ մտածե՞լ եք՝ Ադրբեջանով տարանցման դեպքում հենց մի հատ թթու խոսք ասեք Ադրբեջանին, քանի՞ վայրկյան բաց կմնա սահմանը»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան