Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՀՀ քաղաքացու կյանքից վեր ոչ մի բան չպետք է լինի՝ ոչ ռազմաբազա, ոչ «դաշնակցային» հարաբերություն»․ Արման Բաբաջանյան

«ՀՀ քաղաքացու կյանքից վեր ոչ մի բան չպետք է լինի՝ ոչ ռազմաբազա, ոչ «դաշնակցային» հարաբերություն»․ Արման Բաբաջանյան
148
Այսօր, 16:48

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ գործի նյութերի՝ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, իր երկու ծառայակցի հետ ամբողջ գիշեր Գյումրիի գիշերային ակումբներում հարբելուց ու զվարճանքներից հետո, լուսաբացին Սլաբոդկայի փողոցում դաժան ծեծի ենթարկեց միայնակ քայլող այս կնոջը։ Յոթ տարի անց միայն՝ այսօր, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, հրապարակեց Ռազգիլդեևի դատավճիռը։
Այս պատմությունը միայն քրեական գործ չէ։ Սա Հայաստանի հանրության, Գյումրի քաղաքի, մեր պետության արժանապատվության մասին պատմություն է։ Երբ օտար երկրի զինծառայողը մեր քաղաքում, մեր թաղամասում, մեր հողի վրա կարողանում է հարբած, անզեն, աշխատանքի գնացող կնոջը սպանության հասցնել, հարցը միայն այն չէ, թե ինչ պատիժ կկրի հանցագործը։ Հարցն այն է՝ որքան ապահով է մեր քաղաքացու կյանքը այնտեղ, որտեղ պետք է լինի պետության ու «դաշնակցի» պաշտպանությունը։ Ինչպե՞ս եղավ, որ մեր՝ խաղաղ աշխատող կնոջ կյանքը փոխվեց ինչ-որ մեկի գինովցած «զվարճանքի» գնով։
Ջուլիետա Ղուկասյանի սպանությունը հիշեցում է, որ Հայաստանի քաղաքացու կյանքից վեր այս երկրում ոչ մի բան չպետք է լինի՝ ոչ ռազմաբազա, ոչ «դաշնակցային» հարաբերություն, ոչ քաղաքական հաշվարկ։ Հայաստանի քաղաքացու փողոցը, աշխատանքի ճանապարհը, խաղաղ առավոտը պետք է լինեն անձեռնմխելի տարածք ցանկացած ուժի համար՝ անկախ նրանից, թե ինչ համազգեստ է կրում հանցագործը։
Ջուլիետայի անունը պետք է դառնա չափանիշ․ եթե ամենահեզ, ամենաանսպասելի, ամենապարզ աշխատանքի գնացող կինը պաշտպանված չի եղել, ուրեմն պաշտպանված չէ նաև մեր պետությունը»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան